Մատչելիության հղումներ

ՀՀ քաղաքացիների տեղափոխումը համաձայնեցվել է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ. ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ իր քաղաքացիների վերադարձը հայրենիք ապահովելու ուղղությամբ, և հատկապես առաջնահերթություն է տրվում կորոնավիրուսի համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում է կայացվել տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին: Այս մասին հայտարարել Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանի ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է նրանցից շուրջ յոթ տասնյակի տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: «Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է», - ասել է Նաղդալյանը ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության հարցի, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը:

Ինչ վերաբերում է Հայաստանին դեղորայքային օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որի մասին հաղորդել է Պոլսի Հայոց պատրիարքարանը, Աննա Նաղդալյանը, Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, ասել է. - «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG