Մատչելիության հղումներ

«Տպավորություն է՝ առաջին նախագահը չի ցանկանում, որ Սարգսյանը գա Ապրիլյան քննիչ հանձնաժողով». Անդրանիկ Քոչարյան


Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Տպավորություն է, թե առաջին նախագահը չի ցանկանում, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գա Ապրիլյան քննիչ հանձնաժողով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին:

Հայաստանի առաջին նախագահը, մասնավորապես, նշել է. «Սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»:

«Ես կարծում եմ, որ ցանկացած այդպիսի կարևոր պաշտոն զբաղեցրած պաշտոնյա, ինչպիսին նաև առաջին նախագահն է, իր հորդորներով, բնականաբար, ինքը պետք է վճռական պահերին իր տեսակետը կիսի մեր հանրության հետ», - ասաց Քոչարյանը, նշելով՝ այս հորդորն իր համար մի քիչ հասկանալի չէր:

«Այս հորդորն իմ համար մի քիչ հասկանալի չէր այն առումով, որ հորդորը դուրս եկավ այն ժամանակ, երբ որ այդ օրը առավոտյան արդեն Սերժ Սարգսյանը տվել էր իր համաձայնությունը՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովին մասնակցելու: Հիմա սառեցնելու խնդիրը. իրավական առումով առաջին նախագահը, եթե մտահոգված է գրգռվածների գրգռված վիճակով, կարծում եմ, որ այդտեղ հանձնաժողովն անելիք չունի, որովհետև հանձնաժողովն ունի սահմանափակ ժամանակ մանդատն իրացնելու <...>: Միաժամանակ նաև այս խնդիրը պարտադրված է մեր Սահմանադրությամբ՝ [ԱԺ] սահմանադրական կանոնակարգ օրենքի պահանջներով, որը մենք իրացնում ենք», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարը նշեց՝ այնպիսի տպավորություն էր, թե առաջին նախագահը այնքան էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն ամսի 16-ին լինի հանձնաժողովում:

«Ես այդպիսի տպավորություն ստացա, որն իմ համար ընդունելի չի: Ակամայից, բնականաբար, հարցեր են առաջանում, չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլի 8-ին, թե 9-ին հյուրընկալվեց Տեր-Պետրոսյանի առանձնատանը, և նրանք երևի քննարկել էին ապրիլյան դեպքերի և նրա հետ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների վերաբերյալ խնդիրներ, և հիմա Տեր-Պետրոսյանը երևի չի ցանկանում, որպեսզի ավելորդ լարվածություն առաջանա այդ ժամանակվա պատասխանատուների, նրանց որոշումների, բայց դա մեր մանդատից դուրս է», - ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի հասարակությունն ամեն ինչ իմանա՝ շարունակելով. «Մեր այսօրվա իշխանությունների պահանջն է եղել, որ ապրիլյան պատերազմին վերաբերվող բոլոր կասկածելի դրվագները ի հայտ գան»:

Նա նաև հավելեց, որ չի կիսում առաջին նախագահի կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների շրջանակները: «Ոնց որ գործարք առաջարկվի՝ մի քննեք ապրիլյան դեպքերը, դրա դիմաց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թող իրենց լրատվական կայքերին սթափության կոչ անեն, և նրանք իշխանությունների դեմ որևէ վատ բաներ չանեն: Ինչքան էլ կոչ անենք, այդ կայքերն առավոտից իրիկուն ոնց փնովել են իշխանություններին շարունակելու են փնովել, որպես քաղաքական պատվերը և նրանց ամբիցիաներն այդ դաշտում են, ուզենք, թե չուզենք, սա որպես ժամանակին առաջին նախագահի կրտսեր ընկեր», - ասաց Քոչարյանը:

Հավելենք նաև, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը համաձայնել է նիստից հետո Սերժ Սարգսյանին տրամադրել ձայնագրության մեկ օրինակ, պայմանով՝ եթե կպարտավորվի պահպանել Սահմանադրությամբ սահմանված պետական գաղտնիքի մասին բոլոր դրույթները:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը համաձայնել էր քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն՝ եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:

Հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 16-ի, ժամը 14:00-ին:

XS
SM
MD
LG