Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել:
Կենտրոնական բանկի մասնագետները ներկայացրել են իրենց վերլուծությունները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների և հնարավոր միտումների շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է մարդկային կապիտալի, տեխնոլոգիաների և գիտելիքի վրա հիմնված տնտեսության ճյուղերի կառուցումն ու ներդրումների խթանումը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. - «Մեր հիմնական թիրախները պետք է լինեն նաև սպառողական վարքագծում տեղի ունեցող փոփոխությունները: Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, մարդկանց շրջանում, ընտանիքներում»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայկական գիտական ներուժի համախմբումն ու զարգացման կոնկրետ բանաձևերի մշակումը՝ ըստ ոլորտների: