Մատչելիության հղումներ

«Նստեք տանը, կառանծյա պահեք, բարի մարդկանց էլ է կորոնավիրուսը կպնում». քաղաքապետը՝ Նաիրա Զոհրաբյանին


Կորոնավիրուսի վարակի ամենախոցելի տարիքային խմբում գտնվող մտավորականները անուշադրության են մատնված Երևանի քաղաքապետարանի կողմից, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով՝ փնտրում է քաղաքապետ Մարությանին՝ «մի թեթև սպռավոչկա» ստանալու համար։

Հայկ Մարությանի պատասխանը չուշացավ, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան տեսաուղերձով նա կտրուկ արձագանքեց հնչեցվող բողոքներին:

«Ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի վրա, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ», - նշեց քաղաքապետը:

Մարությանի արձագանքը հարիր չէր Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձին, այսօր «Ազատության» հետ զրույցում պատասխանեց Զոհրաբյանը։

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, առավել ևս՝ նման դիրք զբաղեցնող պաշտոնյան, պիտի լինի առաջին հերթին հավասարակշիռ: Ես արձագանքել եմ, իմ գրառումը եղել է շատ ադեկվատ, որովհետև ինձ դիմել են, ես չեմ հրապարակի անուններ, բայց մենք ամեն ինչ կանենք այդ մարդկանց օգնելու համար», - ասաց ԲՀԿ պատգամավորը:

Ֆեյսբուքյան իր էջում Զոհրաբյանը երեկ գրառում էր արել, որտեղ նաև պնդել էր, թե Մարությանը աշխատանքի չի հաճախում։

«Էն որ մենք մեր հանճարեղ մարդկանց սիրում ենք հետմահու, որ ամեն մեկս նստի ու լալահառաչ հուշեր պատմի՝ դա ազգային-գենետիկ բզիկ է: Բայց հիմա մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Էս ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել՝ ինչպես և ինչով են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել, ոչ մեկդ, ոչ մի անգամ։ Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է», - գրել է Զոհրաբյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքով՝ նմանատիպ գրառումները ոչ մի օգուտ չեն տալիս։

«Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք, նստեք տանը, կարանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս կորոնավիրուսը կպնում: Այդ կարանծյան ձեզ կփրկի, իսկ եթե կարանծյա չեք անում, ֆեյսբուքյան գրառումների տեղը դուրս եկեք մեկին օգտակար եղեք ինչ-որ բանով», - ասաց Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով՝ ինքն այժմ սոցիալական ծրագրերի է մասնակցում և՛ որպես քաղաքացի, և՛ որպես քաղաքապետ:

«Կնոջս, ընկերներիս, մեր «Հայ ասոցիացիայի» ընկերների հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց տարվել է փաթեթներ մթերքով, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից, որպես քաղաքապետ այս ծրագիրը անում ենք նույնպես 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար», - նշեց քաղաքապետը:

Մարությանի մատնանշած սոցիալական օգնության ծրագրերն իրականությանը չեն համապատասխանում, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես տեղեկություն ստացա նույն այդ որոշ մտավորականներից, որ իմ գրառումից հետո սկսել են իրենց զանգել և հարցնել՝ ինչ խնդիրներ ունեն, և եթե անհրաժեշտություն լինի, ես կարող եմ ապացուցել, որ իրենց զանգել են միայն իմ գրառումից հետո, դրանից առաջ իրենց որևէ մեկը, և չհամարձակվեն հանկարծ ստել», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Այդուհանդերձ, Զոհրաբյանը վստահ է, որ իր գրառումը թմբիրից զարթնելու ազդակ դարձավ, ու այժմ քաղաքային իշխանությունները կմոբիլիզացվեն և կփորձեն ներկայացնել, որ իրենք գործ են անում։

Երեկ երեկոյան Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Ֆեյսբուքում լուսանկարներ հրապարակեցին՝ գրելով՝ այցելում են Երևանում բնակվող ականավոր մշակութային գործիչներին, հորդորում, որ մեկ ամիս տանը մնան, ու տրամադրում այն ամենն, ինչն անհրաժեշտ է դրա համար։

Խմբակցության անդան Գրիգոր Երիցյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Զոհրաբյանի գրառումից առաջ էլ են արել, պարզապես գրառումը ստիպեց բարձրաձայնել այդ մասին, իրենք տեսախցիկների առջև բարեգործություն անել չեն սիրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG