Հունաստանում պետական գրասենյակների տանիքներին տեղադրել են Իտալիայի դրոշը:
Այդ քայլով հույներն իրենց համերաշխությունն են հայտնում կորոնավիրուսից ծանր տուժած իտալացիներին:
Իտալիայի պետական դրոշը բարձրացրել են նաև Հունաստանի խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության շենքերի վրա: Հուզիչ արարողությանը ներկա է եղել Հունաստանում Իտալիայի դեսպանը:
«Այս դրամատիկ պահին, պարոն դեսպան, Հունաստանն Իտալիայի հետ է, մենք միասնական ենք, և մենք կվերապրենք միասին»,- ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:
«Մենք երբեք չենք մոռանա ձեր այս խորհրդանշական, բայց չափազանց թանկ ու կարևոր քայլը, դուք այդպես ձեր հարգանքի տուրքը մատուցեցիք մեր հազարավոր հանգուցյալների հիշատակին և ձեր աջակցությունը հայտնեցիք կորոնավիրուսի զոհերի ազգականներին և բարեկամներին»,- ասել է Հունաստանում Իտալիայի դեսպան Էֆիսիո Լուիջի Մարասը:
Ապրիլի 3-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է մոտ 14 հազար մարդ, Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 1500 դեպք, մահացել է մոտ վեց տասնյակ մարդ: