Ֆուտբոլային աշխարհի լավագույն առաջնության՝ Անգլիական Պրեմիեր լիգայի մարզիկներից բրիտանական հանրությունն ակնկալում է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն, որը ֆուտբոլիստները կարող են ցուցաբերել, եթե ընդունեն ավելի փոքր աշխատավարձով խաղալու առաջարկները:
Պրեմիեր լիգայի աստղերը մեկ շաբաթում այնքան են վաստակում, որքան շարքային բրիտանացին մեկ տարում:
«Ֆուտբոլիստները պետք է իրենց բաժինը տան և անսան ավելի համեստ աշխատավարձով խաղալու կոչին»,- ասել է Բրիտանիայի առողջապահության նախարար Մաթ Հանքոկն, ով, ի դեպ, օրերս վարակվել է կորոնավիրուսով և տնից է աշխատում:
Խորհրդարանի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ, պահպանողական Ջուլիան Նայթը ֆինանսների նախարար Ռիշի Սունակին հասցեագրված նամակով պահանջել է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Հանձնաժողովի նախագահը նամակում գրել է, թե ապրիլի 7-ը սահմանում է որպես վերջնաժամկետ:
«Կամ ակումբները պետք է արդար վճիռներ կայացնեն, կամ կբախվեն համապատասխան հետևանքների», - հայտարարել է Բրիտանիայի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի ղեկավարը:
Առանձին ակումբներ և աստեր արդեն համաձայնել են աշխատավարձի կրճատմանը, և իրենց անձնական հաշիվներից գումարներ են հատկացրել բարեգործական հիմնադրամներին: