Մատչելիության հղումներ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի


Այսօր գրանցվեց կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` 68-ամյա քաղաքացու մոտ եղել է հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվածության 92 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվն այսպիսով հասավ 663-ի: Բուժվածները 33-ն են: Այս պահին արհեստական շնչառական ապարատին միացված 4 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին կառավարության նիստում, հետո նաև ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ կատարված փորձանմուշների արդյունքում ունենք մի փոքր մեծ թիվ` 92 դրական դեպք, սակայն որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, օրինակ` կարանտինում մեր հսկողության տակ կամ եղել են շփված զոնայում ի սկզբանե հաստատված պացիենտների: Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից` թե՛ ցամաքային ճանապարհով, թե՛ օդային: Դրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է»,- նշեց նախարարը:

«Ազատության» հարցին ի պատասխան` առողջապահության նախարարն ասաց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 քաղաքացիներից մեկը երիտասարդ է, 3-ը` տարեց.- «Բավական տարեց, մեր ավագ սերնդի քաղաքացիներ են, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, և միայն մեկն է, որ երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում, և վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են: Ընդհանրապես տրամաբանությունը կա, մենք ինքներս տեսնում ենք տարիքի և խրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապը»:

Ոլորտի ղեկավարի խոսքով՝ մինչև այսօր մեկուսացումից դուրս է գրվել շուրջ 350 քաղաքացի, այս թիվն առաջիկայում կաճի, որովհետև շատերի մեկուսացման 14 օրն արդեն լրանում է։

«Շուտով օրական 400-500 թեստավորում կարվի, նոր սարքավորումներ ձեռք բերելուց հետո այդ թիվը կհասնի մինչև 1500-ի»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Նախարարից հետաքրքրվեցինք, թե արհեստական շնչառական քանի՞ ապարատ կա այսօր Հայաստանում, ասաց՝ այս պահին միայն կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացված 55 սարք կա, որոնցից 5-ն արդեն օգտագործվում են, սարքերի թիվն առաջիկայում կավելանա.- «Սարքերի թիվը կմեծանա հատկապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներգրավմամբ, որտեղ մենք ունենք ևս 20 սարք, ինչպես նաև հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք` մոտ 100 մի տեսակի, եղավ արդեն մոտ 170 սարք, ևս 5, թե 6 նույն ինքնաթիռով` կարծես թե մեկ այլ մոդելի, և ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, և մյուս կեսն էլ` մայիսի կեսին, ու այդպես շարունակ ձեռքբերում ենք»:

«Իրավիճակը դեռևս վերահսկելի է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մանրամասնեց, որ թեստավորման ծավալը մեծացնում են, նպատակը հնարավորինս շատ դեպք ախտորոշելն է։ Վարչապետի խոսքով` բնակչության մոտ նկատվում է երկու ծայրահեղություն՝ խուճապ և համատարած հանգստություն. երկուսն էլ ըստ Փաշինյանի՝ անթույլատրելի են.- «Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց որ հասկանում եմ` չափից ավելի շատ ենք կանխել, հիմա չենք կարողանում մեր հանրությանը ետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, երկրում տիրում է համատարած հանգստություն: Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ ինքնամեկուսացված քաղաքացիները զանգեր են ստանալու տեղեկատվական կենտրոնից, համաճարակաբաններից և ԱԻՆ-ի աշխատակիցներից, նպատակը ինքնամեկուսացման ռեժիմը խստորեն պահպանելն ու հսկելն է:

«Տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներին զուգահեռ նաև ավելացնում ենք թեստավորվողների քանակը: Մենք արդեն իսկ հավելվածով արձանագրված հարցումների պատասխանների հետքերով ենք գնում, համաճարակաբանները նաև զանգում են այն անձանց, ովքեր պոտենցիալ ռիսկային գոտում են, այսինքն` ովքեր պատասխանել են հարցերին հավելվածի և ընկել են «կարմիր գոտի», նրանց հետ համաճարակաբաններն ունենում են հեռախոսազրույցներ, և արդեն իսկ ավելի ֆիլտրված և ավելի կոնկրետ շրջանակ թեստավորման հերթում է դրվում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Կորոնավիրուս է ախտորոշվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակիցների մոտ, նրանք մեկուսացված են հիվանդանոցներում։ Այս աշխատակիցները ծառայություն են իրականացնում ՔԿՀ-ի բնակելի գոտու սահմաններից դուրս, հետևաբար ՔԿՀ-ում պահվող անձանց հետ չեն շփվել։ Մեկուսացվել են նաև քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 28 աշխատակիցներ, կատարվում է նմուշառում, հայտարարում է Արդարադատության նախարարությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի երևանյան մասնաճյուղի վրա ամենամեծ բեռն է դրված` կոնտակտավորների հայտնաբերման և նրանց մեկուսացման առումով: Այս կենտրոնի 14 աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նախարարն ասաց, որ աշխատակիցներն իրենց լավ են զգում, նրանց փոխարինողներն արդեն շարունակում են աշխատանքը:

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք է գրանցվել Կապանում, 8-ը` Մեղրիում:

XS
SM
MD
LG