Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում ավելացավ 92-ով՝ հասնելով 663-ի


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, մարտ, 2020թ.

Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 92-ով՝ այսօր ժամը 11-ի դրությամբ հասնելով 663-ի: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը:

Ըստ նույն աղբյուրի՝ հիվանդությունից բուժվածների թիվը տվյալ պահի դրությամբ 33 է, մահացել է 4 մարդ:

Բացասական են եղել 2 հազար 940 թեստերի արդյունքները:

Այսպիսով, այս պահին կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում փաստացի բուժվում է 626 պացիենտ:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրում է, որ հաստատված նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, «ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ»: «Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ», - փոխանցում է Ալինա Նիկողոսյանը:

Ավելի ու Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ փոխանցեց. - «Այսօր առավոտյան դրությամբ, այսինքն՝ երեկ կատարված փորձանմուշների արդյունքում, ունենք մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք, սակայն որոնք գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, օրինակ՝ կարանտինում մեր հսկողության տակ, կամ եղել են շփման զոնայում ի սկզբանե հաստատված պացիենտների: Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես՝ բերովի տարբեր երկրներից թե՛ ցամաքային ճանապարհով, թե՛ օդային, դրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք էն բոլոր գործողությունները, որ մինչև հիմա արել ենք, այսինքն՝ հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»:

Այդ կապակցությամբ, նախարարը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ կան արդեն 16 հաստատություններ, որտեղ «պահվում են թե՛ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները, և թե՛ այն քաղաքացիները, որոնք որ շփվել են հաստատված կոնտակտների հետ»:

Թորոսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

«Սակայն, հաշվի առնելով նաև թվերի մեծացումը, մենք որոշում ենք կայացել, որ մեր, Հայաստանի Հանրապետության ամենամեծ բժշկական կենտրոնը՝ մեր նախարարության ենթակայության, նույնպես պետք է զբաղվի այս խնդրով՝ դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնն է, որը այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը: Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա, և մենք կսկսենք ընունելությունը այնտեղ: Դա մեզ թույլ կտա դեռ երկար, չեմ ուզում կոնկրետ օրեր նշել, բայց դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, հատկապես նրանք, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, իսկ թեթև ձևերը շարունակեն մեկուսացվել այլ վայրերում, հյուրանոցներում, ինչպես արդեն որոշել էինք մեկ շաբաթ առաջ», - հայտարարեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հայտարարեց. - «Ըստ էության, այո, մենք, մի օրվա տվյալով երևի պետք չի հետևություն անել, բայց մենք դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած, չնայած նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում: Եվ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մենք թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է՝ մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը՝ մենք ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք: Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG