Մատչելիության հղումներ

«Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ


Կորոնավիրուսով վարակված Մանյա Սարգսյանը երեկ «Նորք» ինֆեկցիոնից տեղափոխվել է մեկուսացման վայր, թոքաբորբն արդեն հաղթահարել է, առողջական վիճակը բարելավվել է: Առաջիկա օրերին նորից կթեստավորվի։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա պատմում է, որ չգիտի, թե ումից է վարակվել, ասում է, թե ինչ սիմպտոմներ է ունեցել:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք դեռ երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եք եղել: Ձեզ մոտ ինչպե՞ս է արտահայտվել այս վարակը:

Մանյա Սարգսյան.- Հիվանդանոցում եղել եմ կարճ ժամանակ` 2 օր: Եթե սկսենք նախնական սիմպտոմներից, ապա ինձ մոտ ջերմություն էր մոտ երևի 4 օր, որից հետո, քանի որ ես սովորաբար չեմ հիվանդանում և չեմ ունենում երկար ջերմություն, դիմել եմ բժշկի: Այդ փուլում, իհարկե, ուրիշ սիմպտոմներ չկային արտահայտված, և ասացին` գնա, հասարակ մրսածություն կարա լինի, բուժվում է թեյով, հեղուկներով: Մի քանի օր հետո արդեն չունենալով ջերմություն, հետո նորից ունենալով ջերմություն` կտրուկ վատթարացում վիճակի, որն արտահայտվում էր անդադար հազով, կոկորդում խնդիր, շնչահեղձություն մի քանի անգամ: Դրանից հետո, իհարկե, նորից դիմեցի բժշկի, և ռենտգենը ցույց տվեց խնդիր թոքերում: Դա իրականում նոր սկսվող թոքաբորբ էր, որը կարողացանք դեղերի միջոցով, հակաբորբոքայինների և հակավիրուսայինների միջոցով հենց դրա դեմ պայքարել:

Այդ ժամանակ դեռ թեստավորված չէի, քանի որ ես ոչ մի հաստատված վարակակրի հետ շփում չեմ ունեցել, իրականում ինքնամեկուսացված եմ եղել շատ վաղուց: Մենք վաղուց տնից էինք աշխատում, այսինքն` ես ընդամենը մի քանի անգամ եղել եմ դրսում` ինչ-որ հասարակական վայրերում, ինչպես բոլորը, խանութում:

Ինձ մոտ ուտելիքի համի կորուստ կար այդ նույն ժամանակահատվածում, բայց քանի որ արդեն հասկացանք, որ սկսվող թոքաբորբ է, սկսեցինք բուժել դա: Հասարակ բժիշկ է ինձ այդ բուժումը նշանակել բժշկական կենտրոններից մեկի, ու ինչպես հետո ցույց տվեց, բավականին գրագետ ու ճիշտ բուժում էր, որովհետև դա է թույլ տվել, որ թոքերի խնդիր չառաջանա:

Թեստավորումն արդեն ցույց տվեց դրական պատասխան, ու դրանից հետո տեղափոխվել եմ հիվանդանոց: Փաստացի մեծ մասը այդ վատ ժամանակվա անցկացրել եմ տանը, քանի որ թեստավորումն ուշ է եղել: 2 օրը հիվանդանոցում արդեն ցույց տվեց, որ բուժումը ճիշտ և գրագետ է եղել, ու ռենտգենը մաքուր թոքեր ցույց տվեց: Հիմա ես գտնվում եմ իրականում ապաքինման փուլում:

«Ազատություն».- Եվ արդեն տեղափոխվե՞լ եք մեկուսացման վայր:

Մանյա Սարգսյան.- Այո, քանի որ կարանտինային ժամկետը լրանալուց հետո նոր կկարողանան նորից թեստավորել և հասկանալ, որ վիրուսը նահանջել է, ու այս պահին վիրուսը նահանջում է` ելնելով սիմպտոմներից, քանի որ չկա կոկորդի խնդիր, նաև համի զգացողությունը այսօր նոր վերականգնվել է, ու չունեմ ջերմություն:

«Ազատություն».- Դուք գիտե՞ք կամ կռահո՞ւմ եք` ումից եք վարակվել:

Մանյա Սարգսյան. Չէ իրականում, որովհետև հաստատված վարակակրի հետ շփում չի եղել, բայց քանի որ ելնելով նրանից, որ վիրուսն ահագին տարածում ունի, մարդիկ ուղղակի չգիտեն, որ իրենք վարակված են, իրականում ամեն քայլի կարող են լինել այդ մարդիկ մինչև կարանտինը, որովհետև ինձ մոտ սիմպտոմներն ահագին շուտ են սկսել, երկար ժամանակ է այս ամեն ինչը, երբ չկար դեռ կարանտինի փուլը, մարդիկ իրականում դուրս գալիս էին:

«Ազատություն».- Այդ դեպքում Ձեզ ո՞վ առաջարկեց թեստավորվել, քանի որ Դուք փաստորեն շփում չեք ունեցել այդ հայտնի օջախների հետ, նաև վերջին շրջանում արտասահմանում չեք եղել, ինչո՞ւ որոշվեց Ձեզ թեստավորել:

Մանյա Սարգսյան. - Որովհետև ունեի շնչահեղձություն, ինձ մոտ ծայրահեղ առողջական խնդիր էր այդ պահին, ու ես զանգահարել եմ թեժ գիծ մի քանի անգամ` առողջական վիճակից ելնելով:

«Ազատություն».- Մեկուսացման այդ վայրը, որտեղ գտնվում եք, հյուրանո՞ց է:

Մանյա Սարգսյան.- Այո, սարքած հիվանդանոց բուժանձնակազմով, որտեղ վերահսկողության տակ ենք: Այստեղ իրականում ապաքինվող հիվանդներն են, բացի ինձանից էլի մարդիկ են երեկ այստեղ տեղափոխել:

«Ազատություն».- Ձեր վարակի աղբյուրը փաստորեն հայտնի չէ, Դուք միայն կարող եք ենթադրել, որ դա հանրային վայրում է տեղի ունեցել, ասենք` խանութ կամ փողոց: Իսկ կա՞ն կասկածներ, որ Դուք կարող է վարակած լինեք արդեն ինչ-որ մարդկանց:

Մանյա Սարգսյան.- Նման բան չէ, զգուշացված են այսինքն, ես կոնտակտներ չեմ ունեցել, քանի որ մենք վաղուց, ինչպես ասացի արդեն, տնային պայմաններում էինք աշխատում, և եղել են 2-3 կոնտակտ, որոնք զգուշացված են, ու իրենք մեկուսացված են, բայց չունեն սիմպտոմներ:

«Ազատություն».- Այդտեղի պահման պայմաններն ինչպիսի՞ն են, ինչո՞վ եք զբաղվում ամբողջ օրը:

Մանյա Սարգսյան. - Այստեղ իրականում կա առաջին անհրաժեշտության ամեն ինչ, այն ամենը, ինչով որ զբաղվում են մարդիկ այսօր իրենց տներում: Այսօր ես նաև կունենամ իմ համակարգիչը և կկարողանամ վերադառնալ աշխատանքի վաղվանից, քանի որ ինքնազգացողությունս արդեն նորմալ է: Այս ժամանակները պիտի օգտագործենք` անելու այն ամեն ինչը, ինչ որ սովորական կյանքում չենք կարողանում անել` գիրք կարդալ, շփվել:

XS
SM
MD
LG