Պաշտոնեական կեղծիքներով և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ խախտվել են Երևանում բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները, հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Դատախազությունը:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Նիկողայոս Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:
Արդյունքում պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երևանի քաղաքապետի կողմից 2018 թվականի մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Ըստ այդմ, թույլատրվել է մշակել թվով 5 բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման նախագիծ՝ գործող նորմատիվային պահանջների համաձայն նախատեսելով ապահովել հարակից շինություններից և միմյանցից կառույցների վերգետնյա մասերի անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը։ Ապրիլի 27-ին քաղաքապետի կողմից ընկերությանը տրվել է հիշյալ բնակելի թաղամասի կառուցման շինարարության թույլտվությունը։
Սակայն ավելի ուշ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակելի թաղամասի մասնաշենքերից մեկը գտնվում է հարակից տարածքի արտադրական օբյեկտից 3,4 մետր, իսկ մեկ այլ մասնաշենք՝ 9,3 մետր հեռավորության վրա: Այսինքն բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելիս հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները, պետք է լինի 50 մետրից ոչ պակաս:
Ընդ որում, բազմաթիվ քաղաքացիների հետ կնքվել են կառուցվող բնակելի թաղամասի շենքերում գտնվող անշարժ գույքերը գնելու իրավունքի մասին պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում:
Այսինքն, ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, Արտակարգ իրավիճակների նախարարության և Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինն էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, իրենց հերթին, անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները, ասված է հաղորդագրությունում:
Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ, նշում է Դատախազությունը:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե: