Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պատճառով խոշոր քաղաքներում նոր հիվանդանոցներ են կառուցվում, հանրային շենքերի տարածքներ են օգտագործվում


ԱՄՆ - Comfort նավ-հիվանդանոցը Նյու Յորքի ափերին, 30-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի տարածումը աշխարհում չի դադարում, հիվանդանոցները սկսել են չբավարարել, և մի շարք խոշոր քաղաքներում հանրային շենքերի տարածքները նախապատրաստվում են հիվանդների ընդունելու համար:

Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող ExCel ցուցահանդեսների կենտրոնը վերածվել է ժամանակավոր հիվանդանոցի: 83 հազար քառակուսի մետր տարածք ունեցող այս կենտրոնում սովորաբար խոշոր ցուցահանդեսներ են բացվում, այդ թվում՝ պաշտպանական և ռազմարդյունաբերության, ճանապարհորդական:

Ցուցահանդեսների կենտրոնը ժամանակավոր հիվանդանոց դարձնելու աշխատանքներին մասնակցում են բրիտանական բանակի զինվորներ ու պայմանագրային զինծառայողներ:

Բրիտանիայում նաև երեք նոր հիվանդանոցներ են կառուցվում Լոնդոնում, Բիրմինգհեմում և Մանչեսթրում:

Մարտի 31-ը ներառյալ տվյալներով, մահվան դեպքերը Միացյալ Թագավորությունում մեկ օրում ավելացել են 27 տոկոսով՝ հասնելով 1789-ի:

Միացյալ Նահանգներում, Նյու Յորք քաղաքի ափերին՝ Ազատության կղզու մոտ, խարիսխ է գցել Comfort կոչվող հիվանդանոց-նավը: 1000-մահճակալանոց նավը նախատեսված է կորոնավիրուսով վարկավածներին բուժող մյուս հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Նավ-հիվանդանոցը չի ընդունելու կորոնավիրուսով հիվանդներին՝ այն նախատեսված է վիրահատությունների, ինտենսիվ թերապիայի, այլ հիվանդություններ բուժելու համար:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով շուրջ 4 հազար մարդ է մահացել, մահվան նոր դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG