Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդագրություններ է ստացել ուսման վարձերի վերաբերյալ: Ըստ նախարարի` տարբեր բուհեր տարբեր ժամանակահատվածներ են սահմանում վճարումներն անելու համար: Այս մասին նա նշեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:
Այս իսկ պատճառով նախարարը ռեկտորներին գրություն է ուղարկել` առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել:
Ռեկտորներին ուղարկված գրության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց, արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»:
Արայիկ Հարությունյանը հորդորեց նաև այն ուսանողներին, որոնք այս պահին վճարունակ են, կատարեն վճարումները: