Մատչելիության հղումներ

Ըստ Դավիթ Բաբայանի, ԼՂ ընտրությունների հետաձգումը կբերի սահմանադրական ճգնաժամի


Ղարաբաղյան ընտրությունների հետաձգումը կբերի սահմանադրական ճգնաժամի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը:

«Ազատություն». – Պարոն Բաբայան, եթե անդրադառնանք այն հարցին՝ ի վերջո հարկավո՞ր է հետաձգել ընտրությունները, չեղարկել մինչև կորոնավիրուսի վտանգն անցնի, ի՞նչ կարող եք ասել:

Բաբայան. – նախևառաջ պետք է ասել հետևյալը, որ մեզ համար և յուրաքանչյուր նորմալ մարդու համար առաջնային խնդիրն, իհարկե, մարդկանց առողջությունն է, սրանից վեր որևէ բան չկա, որովհետև սա նաև անվտանգության հարց է, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում, որպեսզի այս հարցը քաղաքականացվի: Դժբախտաբար, Արցախում կան որոշ թեկուզ մարգինալ, բայց այնուամենայնիվ ինչ-որ գործիչներ, չակերտներում, ովքեր փորձում են այս գործընթացը քաղաքականացնել նույնիսկ այս վիճակում, հետևաբար միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը պետք է համապատասխան հայտարարություն տարածի և որոշում կայացնի, որ անհրաժեշտ է կասեցնել ընտրությունները և ոչ միայն ընտրությունները, ցանկացած նմանատիպ գործընթաց, մասսայական մարդկանց հավաք, եթե լինի վտանգ այդ էպիդեմիայի տարածման: Առայսօր որևէ դեպք անգամ չի գրանցվել:

«Ազատություն». – Հաստատված դեպք չկա, բայց այնուամենայնիվ այս տեսակետը քննադատողներն ասում են՝ «Հայաստանում տարածվում է, գրեթե բացառված է, որ Արցախ չգա վիրուսը և ինչո՞ւ վտանգի ենթարկենք մարդկանց, եկեք հետաձգենք ընտրությունները, սա կանցնի նոր հանգիստ ընտրություններ կանենք»:

Բաբայան. – Մենք չգիտենք՝ երբ է հասնելու, ինչ ձևով է հասնելու այստեղ: Կարող է մեկ ամսից հետո հասնի, իսկ եթե մենք հետաձգենք կորոնավիրուսի հնարավոր տարածումը, կարող է զուգադիպել կամ զուգակցվել լուրջ սահմանադրական ճգնաժամով: Սա էլ ավելի կդժվարացնի պայքարն այդ աղետի դեմ, որովհետև կլինի նաև քաղաքական պայքար: Կան մարդիկ, ովքեր այսօր ասում են՝ «պետք է ընտրությունները հետաձգել», վաղն ասելու են՝ «եթե հետաձգվել է, ուրեմն գործող իշխանությունն ուզում է իշխանությունն այսպես զավթել, պահպանել», այսինքն՝ այս շահարկումները լավ բանի չեն բերելու: Քանի դեռ չի հասել անհրաժեշտ է իրականացնել ընտրությունները, եթե չկա, իհարկե, Առողջապահության նախարարության որոշումը:

Եթե հանկարծ լինի երկրորդ փուլ նախագահական և այն ժամանակ լինի վտանգ, այդ դեպքում կարելի է մտածել գոնե երկրորդ փուլը հետաձգելու, բայց սա, կրկնում եմ, միմիայն Առողջապահության նախարարությունը պետք է համապատասխան եզրակացություն անի:

«Ազատություն». – Պարոն Բաբայան, Դուք 14 թեկնածուներից մեկն եք, ովքեր պայքարում են նախագահական աթոռի համար, քարոզարշավն, ըստ էության, ավարտվեց, եթե փորձեք ի մի բերել՝ ինչ են սպասում արցախցիները, թեկնածուներից ինչ են պահանջում, ի՞նչ կարող եք ասել:

Բաբայան. – Քարոզարշավը գրեթե ավարտվում է և մնաց փաստորեն երկու օր՝ ամսի 28-ը և 29-ը: Այս ընտրությունները աննախադեպ են ինչ-որ տեղ և՛ մասնակցող թեկնածուների գրանցված քանակով, և՛ կուսակցությունների: Ինչ-որ տեղ սա բնական է, քանի որ կյանքը զարգանում է, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կան որոշ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ ամենամտահոգիչը մեր կարծիքով այն է, որ ինչ-որ խորթ գաղափարներ են մտնում Արցախ, որը նախկինում չի եղել այստեղ՝ այս անձի պաշտամունքը, այսպիսի հսկայական պաստառներ՝ ամեն մեկը մի քանի հարյուր հազար դրամ արժեցող, մի երկրում, որտեղ կա լուրջ սոցիալական խնդիր: Բացի դրանից կա ևս մի վտանգավոր, շատ վտանգավոր զարգացում, դա այն է, որ գաղափարախոսությունը փոխարինվում է գաղափորախոսությամբ, այսինքն՝ փորի կարիքներով, նյութականով: Սա վտանգավոր է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG