Մատչելիության հղումներ

Օնլայն հարսանիք` DJ-ներով, սննդի առաքմամբ, աշխատանքի` փոքրիկ երեխայի հետ. հայաստանյան կյանքը համավարակի օրերին


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի տնօրեն Շամիրամ Պողոսյանը

Ոչ թե տնից աշխատանքի ու դասի, այլ հենց տանը

Միջոցառումներ կազմակերպող հայաստանյան ընկերություններից մեկն անգամ պատրաստ է օնլայն հարսանիք, նշանդրեք ու ծնունդ կազմակերպել: Այս օրերին ստիպված էին բազմաթիվ միջոցառումներ չեղարկել ու իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Exclusive Event ընկերության տնօրեն Մարիամ Աբգարյանը
Exclusive Event ընկերության տնօրեն Մարիամ Աբգարյանը

«Էն, ինչ որ պետք է լիներ միջոցառման ժամանակ՝ շոու ծրագիրը, DJ-ը, պարուհիները և այլն, բոլորն աշխատելու են օնլայն հարթակում», - ասում է Exclusive Event ընկերության տնօրեն Մարիամ Աբգարյանը:

Միջոցառումներ կազմակերպող ընկերությունում առցանց հարսանիքի, նշանդրեքի կամ ծնունդի պատվերներ դեռ չեն ստացել, փոխարենը հիմա տեղական ընկերություններից մեկի հոբելյանական միջոցառմանն են պատրաստվում` բազմամարդ, սակայն օնլայն ռեժիմում։ Միջոցառման մասնակիցներն անգամ հյուրասիրության պակաս չեն ունենա։

«Մենք նույնպես կարող ենք հյուրերին առաքել սնունդը, որոնք ներկա են գտնվելու մեր օնլայն միջոցառմանը», - ներկայացնում է ընկերության տնօրենը:

ServiceTitan ընկերության հանրային կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը
ServiceTitan ընկերության հանրային կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը

Աշխատավայրի փոխարեն տան պատշգամբում

ՏՏ ոլորտի ընկերություններից մեկի հանրային կապերի պատասխանատու Մանեն 2 շաբաթ առաջ սկսեց տնից աշխատել: Աշխատանքային ժամանակացույցը նույնն է՝ աշխատանքը սկսում են առավոտյան։

«Օրվա ընթացքում անպայման թիմի անդամներին հիշեցում ենք ուղարկում, որ ժամանակն է տեղից վեր կենալու, շարժվելու, սուրճ կամ թեյ խմելու համար: Օրվա վերջում, երբ արդեն աշխատանքային ժամը որպես էդպիսին մոտենում է ավարտին, նորից ծանուցում ենք ուղարկում թիմի անդամներին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ժամանակն է տուն գնալու, շատ հարաբերականորեն մարդիկ գնում են տուն», - ասում է ServiceTitan ընկերության հանրային կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը:

Վերջինս պատմում է՝ իրենք հեռավար աշխատանքի փորձ ունեին, բայց հիմա բոլոր աշխատակիցները ստիպված են տնից աշխատել։ Ասում է՝ դժվարությունը միայն այն է, որ շփումներն են սահմանափակվել. - «Ոչ միայն տնից ես աշխատում, նաև աշխատանքի ավարտից հետո չունես հնարավորություն տնից դուրս գալու, բացառությամբ կարևոր դեպքերի։ Դրա համար փորձում ենք ամեն ինչ` մեր առօրյան ճիշտ լցնելու, արդյունավետությունը չկորցնելու համար»:

«Հայոց լեզվի» ուսուցիչ Արսեն Վարդանյանը
«Հայոց լեզվի» ուսուցիչ Արսեն Վարդանյանը

Հեռավար դասապրոցեսին Երևանից ու մարզերից աշակերտների շուրջ 80 տոկոսն է մասնակցում։ Ընկեր Վարդանյանի աշխատանքային վիրտուալ առօրյան իրականությունից շատ չի տարբերվում, իսկ աշակերտներն օնլայն են շարունակում չարությունները, անգամ գտել են ելքը դասից փախչելու ու դասին զուգահեռ այլ բաներով զբաղվելու։

«Երբեմն պատահում է, որ երեխաներն անջատում են տեսախցիկները և զուգահեռ դասի ժամին զբաղվում են այլ բաներով՝ հեռախոսով և այլն», - ասում է «Հայոց լեզվի» ուսուցիչ Արսեն Վարդանյանը:

Չար աշակերտները նկատողություն են ստանում ճիշտ այնպես, ինչպես դպրոցում, բայց հիմա արդեն հեռավար ձևով. - «Օրինակ` դասից դուրս հանելու մեթոդն այս դեպքում շատ ավելի կիրառական է, երեխաներին պարզապես «Զում» ծրագրից հանում ենք, և իրենք այլևս հնարավորություն չեն ունենում մասնակցելու, և քանի որ իրենք շատ մեծ ցանկություն ունեն մասնակցելու, սա իսկապես իրենց համար պատիժ է դառնում»։

Տնից աշխատանքն իր առավելություններն ունի

Ժողովի ու դասի, ընկեր Շամիրամը հեռավար աշխատանքի ընթացքում հասցնում է նաև փոքրիկ Լեոնին խնամել։

«Երեխայիս համար ճաշ պատրաստել, իրենով զբաղվել, իրեն խնամել... Լեո՛ն, դե կեր ինքնուրույն, մինչև մաման աշխատի ու գա», - իր առօրյայից մի կտոր է ներկայացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի տնօրեն Շամիրամ Պողոսյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի սան Մարիան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի սան Մարիան

Նույն կրթահամալիրի դպրոց-պարտեզի սան 6-ամյա Մարիան արդեն սովորել է՝ ամեն օր իր անձնական էլեկտրոնային հասցեն պետք է ստուգի դասացուցակին ծանոթանալու համար։ Մարիան միաժամանակ բլոգ է վարում. - «Երբ որ վերջացնում եմ դասերս, տեղադրում եմ իմ բլոգում և ուղարկում եմ ընկեր Լուսինեին»:

Արևիկը ֆլեյտա է նվագում
Արևիկը ֆլեյտա է նվագում

Ֆլեյտայի դասերն էլ տանից, իսկ դասից դուրս տնային պարապմունքը պատշգամբում է. այս օրերին Արևիկին հարևաններն ըմբռնումով են մոտենում, անգամ ձայնակցում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG