Մատչելիության հղումներ

«Մենք այստեղ կորուստներ ենք ունենալու». տնտեսագետը՝ արժեզրկումների մասին


Տնտեսագետ Բագրատ Ասատրյան, արխիվ

Հայաստանում բենզինի գներն իջել են. լցակայաններում լիտրի արժեքը նվազել է մոտ 50 դրամով: Այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինը կարելիէ գնել 330 դրամով:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, այս էժանացումը պայմանավորված չէ նավթի շուկայում տեղի ունեցող զարգացումներով. - «Անկում պիտի չլիներ, որովհետև այն, ինչ որ տեղի է ունենալու բենզինի գների հետ կապված, դա եկող ամսվանից ա: Բենզինը կախված ա նավթի գներից, նավթի համաշխարհային գների ֆյուչերսը արդեն ապրիլից մինչև հունիս պայմանավորվածությունները ձեռք են բերվել, որոնք կլինեն 25-30 դոլարի շրջանակներում մեկ բարելի համար, և համապատասխան ձևով բենզինի գները պետք է ընկնեն: Տրամաբանությունը դա է հուշում: Թեկուզ Հայաստանի Հանրապետությունում այդ տրամաբանությունը երբեք չի աշխատել»:

1994-98 թվականներին Կենտրոնական բանկը (ԿԲ) ղեկավարած Բագրատ Ասատրյանը բենզինի էժանացումը դրական է գնահատում: Բացասականը, ըստ տնտեսագետի, այն է, որ աշխարհում, ընդհանրապես հումքն է էժանանում, օրինակ՝ Հայաստանի արտահանման մեծ հատված կազմող պղինձը նույնպես էժանացել է. - «Տարեսկզբից արդեն մոտավորապես մեկ հինգերորդով անկում է նկատվել: Մենք էստեղ կորուստներ ենք ունենալու»:

Միևնույն ժամանակ, դրամի համեմատ շարունակում է բարձրանալ դոլարի արժեքը. բանկերում և տարադրամի փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինն անգամ 500 դրամն է անցնում, ռուսաստանյան ռուբլին էլ 6,5-6,8 դրամի սահմաններում է տատանվում։

Ըստ Ասատրյանի, դոլարը թեև ավելի քան 500 դրամով է վաճառվում, այդուհանդերձ դրամը դոլարի նկատմամբ ընդամենը 3,7 տոկոսով է արժեզրկվել: Նրա խոսքով, անհանգստացնող է այն դրամի համեմատ մոտ 20 տոկոսով արժեզրկվել է ռուսաստանյան ռուբլին. - «Մեկ հինգորերդով արժեվորվել է: Սա նշանակում է, որ Ռուսաստանում հայկական ապրանքը այսուհետև մեր արտադրողները պետք է վաճառեն մոտ 20 տոկոս ավելի ցածր գնով, որ մրցակցային էդ բաները պահպանեն»:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակով և Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառու - բանկ հարաբերությունների հնարավոր խնդիրներին, ԿԲ նախկին նախագահն ասում է, թե քաղաքական գործիչները, հատկապես ընդդիմադիր դաշտից, որոշեցին, որ բանկերը պիտի տակից դուրս գան՝ չգիտակցելով, որ բանկն ընդամենը միջնորդ է: Բազմաթիվ բանկեր արդեն հայտարարել են, որ հաճախորդներին վարկային արձակուրդ են տալու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է. – «Մարտի 20-ից մինչ օրս բանկերը վերանայել են շուրջ 97 հազար ֆիզիկական և մոտ 4 հազար իրավաբանական անձանց վարկային պայմաններ։ Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով, դրանց ծավալը շուրջ 200 միլիարդ դրամ է կազմում»:

Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, Հայաստանում առայժմ հուզական մակարդակի վրա են խոսում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած խնդիրների լուծման մասին: Մինչդեռ լուրջ ծրագիր է պետք. – «Այդ ծրագրի լրջությունը պետք է պայմանավորված լինի ամբողջական իրողություններով, որոնց առջև մենք կանգնած ենք և առաջիկա ամիսներին կանգնելու ենք»:

Նրա խոսքով, եթե առաջացած խնդիրների լուծման բեռն ընկնի տնտեսվարողների վրա, մեկ-երկու ամիս հետո մեծ թվով ընկերություններ կսնանկանան. – «Ընդ որում, այդ սնանկացման առաջնագծում լինելու են փոքր, միջին բիզնեսները»:

Կառավարությունը պատրաստվում է առնվազն 150 միլիարդ դրամ ներարկել տնտեսություն: Այսօր Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ներկայացրեց կառավարության նոր որոշումը, ըստ որի 2019 թվականի ընթացքում 24-50 մլն դրամի շրջանառություն ունեցող փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք թիրախային խմբում են, կարող են դիմել մինչև 50 մլն դրամի չափով արտոնյալ վարկ ստանալու համար:

Կառավարությունում այսօր քննարկել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Վարչապետն արձանագրել է, որ այժմ հրատապ աջակցության կարիք ունեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է կիրակի օրը քննարկման ներկայացնել սոցիալական աջակցության միջոցառումների փաթեթի ընդլայնման, հասարակության առանձին շերտերին օժանդակության տրամադրման նախագիծ:


XS
SM
MD
LG