Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս է ախտորոշվել ևս երկու զինծառայողի մոտ. ՊՆ խոսնակ


Կորոնավիրուս է ախտորոշվել ևս երկու զինծառայողի մոտ, դեպքերը կապված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին», - գրել է ՊՆ խոսնակը:

Ստեփանյանը հայտնել է, որ ընդհանուր հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։

«Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ», - գրել է նա:

Այս պահին Հայաստանում կա Կորոնավիրուսով վարակված 329 անձ, բուժվածների թիվն ավելացել է 10-ով՝ հասնելով 28-ի, փաստացի բուժում են ստանում 300-ը: Մինչ այս պահը գրանցվել է մահվան 1 դեպք:

XS
SM
MD
LG