Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը վերահաստատում է՝ արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտը լիարժեք չի աշխատում


Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանը վերահաստատում է քաղաքացիների բողոքները, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտը իսկապես լիարժեք չի աշխատում։ Մի կողմից այն, որ մի քանի անգամ նվազել է ուղևորների թիվը՝ բերելով խնդիրների, մյուս կողմից էլ աշխատանքի դուրս չեն գալիս տարեց վարորդները։

Ուղևորափոխադրումների ծավալը նվազել է շուրջ 4 անգամ, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Բայց պնդեց՝ ոլորտում ճգնաժամ չկա։

«Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ ուղևորափոխադրումների ծավալը կրճատվել է շուրջ չորս անգամ: Եթե, օրինակ, սովորական օրերին Մետրոպոլիտենում օրական երթևեկում էին 70 հազար քաղաքացի, հիմա էս թիվը հասել է հազիվ 15-20 հազարի կամ եթե Երևանին պատկանող ավտոբուսների ցանցով երթևեկում էր օրական 75 հազար, կրկին համապատասխան չափով կրճատվել են: Սա, իհարկե, խնդիրներ է առաջացնում հատկապես մասնավոր սեկտորում, այսինքն՝ այն երթուղիներում, որոնք շահույթ հետապնդող են, որոնք մասնավոր ուղևորափոխադրող ընկերություններ են», - ասաց քաղաքապետի խոսնակը:

Կարապետյանը շեշտում է՝ հատկապես մասնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները արտակարգ դրությունից առաջ էլ բողոքում էին ուղևորափոխադրումների ծավալից և ծախսերի չափից, ինչպես նաև ցածր սակագնից։ «Սակայն քաղաքապետարանը կառավարության աջակցությամբ այս հարցերն այս ընթացքում որոշակիորեն կարողանում է պահել ընդունելի սահմաններում: Հիմա մի քիչ ավելի վատթարացել է էդ առումով վիճակը, բայց էլի կառավարելի սահմաններում է, կոլապս չի լինի տրանսպորտային, բայց մենք որոշակի բարդություններ ունենք, իհարկե», - նշեց Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանը որոշակի աշխատանքներ է տանում կառավարության, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրում իրականացնող կամակերպությունների հետ՝ փորձելով մեղմել իրավիճակը։

«Կառավարության հետ քննարկվում են որոշակի արտոնությունների կամ տուրքերը վերանայելու հարցը, նաև տեղյակ եմ, որ շատ երթուղային գծերում՝ մասնավորների, այսպես կոչված, վարորդներից վերցվող օրական պլանի գումարը նվազեցվել է», - ասաց Երևանի քաղաքապետի խոսնակը:

Քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա երկրորդ կեսին քաղաքային իշխանությունները նախատեսում են ձեռքբերել 100 ավտոբուսներ, ինչը կմեղմի իրավիճակը։

«Արդեն մյուս տարի շատ ավելի շատ ավտոբուսներ են նախատեսվում, այսինքն՝ նոր տրանսպորտային ցանցը կներդրվի այս տարվա և հատկապես մյուս տարվա ընթացքում: Մինչ այդ նաև այս ճգնաժամային իրավիճակից ելնելու իրավիճակային լուծումներ են տրվում: Չմոռանանք նաև, որ քաղաքի հաշվեկշռում ռեզերվային շուրջ 50 ավտոբուս կա քաղաքում, որը ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կգործադրվի: Համենայնդեպս մենք այս պահին արձանագրում ենք, որ այս պահին վատթարացած վիճակում ենք, բայց դա ծայրահեղ անհրաժեշտություն դեռ չի», - նշեց Կարապետյանը:

XS
SM
MD
LG