Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածներից 36-ն ունեն թոքաբորբ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան


Այս պահի դրությամբ 36 պացիենտ ունեն թոքաբորբ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 պացիենտները միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

«Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է», - գրել է Թորոսյանը։

Հայաստանում կա կորոնավիրուսի 265 հաստատված դեպք, մինչ այս պահը բուժվել է 18 մարդ:

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

XS
SM
MD
LG