«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:
ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն:
Պարզվել է, որ հիմնադրամի ռեկտորի որդին 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու և կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ և այդ քաղաքացու միջև կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր:
Փաստորեն, համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ հիմնադրամի կառավարչի որդու: Արդյունքում վերջինս հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: