Մատչելիության հղումներ

Բյուրակն գյուղի բնակիչները ցեխի գերության մեջ են


Բյուրակնի ցեխոտ փողոցը, մարտ, 2020թ.
Բյուրակնի ցեխոտ փողոցը, մարտ, 2020թ.

Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչները ցեխի գերության մեջ են: Փողոցներում ասֆալտի նմուշ անգամ չկա, փոխարենը ցեխն է առատ: Գյուղացիները ստիպված կամ ռետինե կրկնակոշիկներ են հագնում, կամ էլ միայն բարձր թափքով մեքենայով են գյուղամեջ իջնում։

Ամեն տարի հատկապես ձնհալից հետո գյուղում տեղաշարժվելը դառնում է գրեթե անհնարին, այդ պատճառով էլ կարծում են՝ գյուղին ավելի կսազեր «Ցեխառատ» անվանումը։

Արտակարգ իրավիճակը նաև արտակարգ լուծումներ է պահանջում. գյուղում սեփական փրկարարն ունեն: 911 զանգելու փոխարեն օգնության է հասնում Արշալույս Մարգարյանը, ով իր տան բակում տրակտորը միշտ պատրաստ է պահում, քանի որ ամեն րոպե գյուղում կարող է մեքենա ցեխի մեջ թաղվել:

«Էս տրակտորը միշտ էլ պատրաստ է՝ ռեմենները էնդեղ քցած է, բուքսիրովկեքը, աղջիկ ջան, ապացույցները, ջնջիլըմ... Ամեն մե ժամի կզանգին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Գյուղ ոչ շտապ բուժօգնության մեքենան է մտնում, ոչ էլ տրանսպորտը, դժգոհում են Բյուրակնի բնակիչները:

«Հնարավոր չի: Հետո էլ պտի մի հատ նորից էս մարդուն խնդրենք՝ մեր տրակտորիստին, որ սկոռի մեքենան քաշի: Հնարավոր չի»...

«Որ կզանգենք սկոռի, կըսե՝ «ճանապարհները ո՞նց է, կարա՞նք գանք»:Է, ուզած-չուզած կըսենք՝ «մինչև գյուղամեջ գոնյա արեք»: Վեզձեխոդըմ կգտնենք, կտանենք հասցնենք հիվանդին մինչև ընդեղ, որ նստի էրթա»...

Մի քանիսն էլ դժգոհեցին, թե ցեխի պատճառով գյուղի տղաները «տանն են մնացել»:

«Ջահելները լրիվ տունն են մնացել, աղջիկները էս գյուղ չեն գա՝ էս ճանապարհի խաթեր: Եռսուն տարեկան տղա ունեմ, նշանվելու միտք էլ չունի, կըսե՝ «ո՞ւր բերեմ, ո՞ւմ բերեմ ստեղ, որ գա»...

Երկու տարի առաջ 800 հազար դրամ է հատկացվել ու ցեխոտ փողոցներում մի քանի մեքենա խիճ են լցրել, բայց դա էլ է ցեխի մեջ կորել, հետքն անգամ չի երևում: Գյուղի տեղը միշտ ընտրություններին են հիշել, թե չէ Բյուրակնի տեղը ոչ մի պաշտոնյա չգիտի:

«Մեր տեղը՞՝ ընտրությունների ժամանակ, այ էդ վախտ կհիշեն մեր տեղը»...

Դպրոցի ճամփան էլ է դժվար։ Երեխաներին դպրոց են հասցնում կա՛մ շալակած, կա՛մ մեքենայով, բայց պարտադիր՝ ռետինե կրկնակոշիկներով: 13-ամյա Սարգիսը վարչապետից մի խնդրանք ունի. - «Ճանապարհների հարցով, հա, մենակ ճանապարհների: Եթե ճանապահները սարքվի, ամեն ինչն էլ կլինի»:

Գյուղի համար գյուղացիներն առաջնահերթ են համարում ճանապարհները գոնե երթևեկելի դարձնելը, նաև լուսավորության ապահովումը՝ հատկապես ծայրամասային հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG