Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզչի գլխավոր նպատակն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելն է


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոս, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկ շաբաթ առաջ ժամանել էր Հայաստան, սակայն օրեր անց հարկադրված էր վերադառնալ Իսպանիա։ Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության իրավիճակն է։ Այդուհանդերձ, մինչև հայրենիք վերադառնալը իսպանացի 64-ամյա մասնագետը հարցազրույց է տվել ֆեդերացիային ու ընդգծել՝ Հայաստանում իրեն շատ լավ են ընդունել, խանդավառված է նոր աշխատանքով։

«Ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման գործում», - ասել է Կապառոսը:

Մասնագետին հետաքրքրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը, Կապառոսն ասում է՝ գիտի, թե որքան ոգևորված են հայազգի ֆուտբոլիստները գալիս հավաքականում խաղալու «և ինչ հպարտությամբ են կրում հավաքականի մարզաշապիկը»:

Կապառոսի հետ ֆեդերացիայի կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ավարտը։

Մասնագետը ֆուտբոլային աշխարհում հայտնի է իսպանական ակումբներում կատարած աշխատանքով. նա գլխավորել է «Սևիլիա»-ն, Բիլբաոյի «Աթլետիկ»-ը, «Դեպորտիվո»-ն։ Կապառոսը «Սևիլիա»-ի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մասնագետն է։ «Մանկուց երկրպագել եմ «Սևիլիա»-ին, ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլիա»-ի ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ, «Սևիլիա»-ն լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում», - ասել է իսպանացի մարզիչը:

Կապառոսը մինչ Հայաստանի ընտրանու ղեկը ստանձելն աշխատել է միայն ակումբների հետ, վստահեցնում է՝ շատ լավ պատկերացնում է հավաքականի հետ աշխատելու առանձնահատկությունները. - «Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ է, և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը»:

Մարզիչը կարևորում է թիմում լավ մթնոլորտը և խաղացողներին մոտիվացնելու համար ճիշտ մոտեցում դրսևորելը. - «Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ՝ ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում»:

Իսպանացի մասնագետը շարունակում է՝ Հայաստանի հավաքականում տարբեր խաղամակարդակներ ունեցող ֆուտբոլիստներ կան, մարզչի գլխավոր խնդիրը տարբեր որակներ ունեցող խաղացողներից միասնական թիմ ստանալն է։

Ինչ վերաբերում է հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, Կապառոսն ասում է՝ նա անչափ բարձրակարգ խաղացող է, իսկական պրոֆեսիոնալ: «Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում»:

Խոակին Կապառոսը վերադարձել է Իսպանիա. - «Հայաստանում նույնպես արտակարգ իրավիճակ հայտարարեցին, այդ պատճառով ստիպված էինք վերադառնալ: Այժմ տանից աշխատելու և վերլուծելու ժամանակն է», - իսպանական Marca -ի հետ զրույցում ասել է 64-ամյա մասնագետը։

«Հիմա սպորտը երկրորդ պլանում է, որովհետև պետք է նախ հաղթենք այդ վիրուսին և վերադառնանք նորմալ կյանքին: Բոլորս ենք այդ խաղը խաղում: Բոլորս նույն մարզաշապիկով ենք և գիտենք` ով է մեր մրցակիցը: Միասնականությունն ուժ է: Պետք է միասին հաղթենք կորոնավիրուսին», - հավելել է իսպանացին։

Կապառոսն օրեր առաջ նույն լրատվամիջոցին տված ծավալուն հարցազրույցում ընդգծել է՝ իր գլխավոր նպատակն աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելն է, այս մրցաշարին Հայաստանը երբևէ չի մասնակցել։

Ի դեպ, իսպանացի մասնագետն արյան քաղցկեղ ունի, Marca-ի հարցին ի պատասխան Կապառոսն ասել է՝ չնայած հիվանդությանը՝ իրեն լավ է զգում, հիվանդ չի համարում, նորմալ կյանքով է ապրում։

XS
SM
MD
LG