Մատչելիության հղումներ

Արտակարգ դրության հետ կապված՝ հեռահաղորդակցության ոլորտում որևէ խնդիր չի լինի, վստահեցնում է նախարարը


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ինտերնետի և բջջային ծառայությունների տեխնիկական ապահովման խնդիր երկրում չկա՝ արտակարգ դրության պայմաններում առցանց աշխատելու համար։ Երեկ ուշ երեկոյան այս մասին ասուլիսի միջոցով հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Որևէ խնդիր չենք ունենա արտակարգ դրության հետ կապված հեռահաղորդակցության ոլորտում», - հայտարարեց նախարարը:

Փոստը, որի միջոցով հիմնականում կենսաթոշակներ և սոցիալական վճարներ են մարդիկ ստանում, անխափան կաշխատի։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, այդուհանդերձ, անվտանգության որոշակի միջոցներ են ձեռնարկվել՝ փոստային գրասենյակներում կուտակումներից խուսափելու համար։

«Այն դեպքերում, որտեղ հնարավոր է, որ թե՛ կենսաթոշակները, թե՛ սոցիալական վճարները տանել և հասցնել քաղաքացիներին, հիմնականում նաև գյուղական մեր համայնքներում, դա կիրականացվի մաքսիմալ հնարավոր սահմաններում: Այսինքն՝ որտեղ որ հնարավոր է, որ քաղաքացիները չգան բաժանմունքներ, կփորձեն այդ ծառայությունները մատուցել դեպի տները», - ասաց Արշակյանը:

Նախարարը հորդորեց հնարավոր բոլոր վճարումները կատարել օնլայն, էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով նաև տեղեկացնել հնարավոր անհարմարությունների, բողոքների մասին։

«Եվ նաև դա նպաստում է թե՛ տնտեսվարողի, թե՛ պետության թափանցիկության բարձրացմանը, հնարավոր ծախսերի կրճատմանը՝ այդ միջնորդական ծառայությունների տեսանկյունից, օպտիմալացմանը, հետագայում այդ տվյալների արդյունավետ օգտագործմանը», - նշեց Հակոբ Արշակյանը՝ հավելելով. - «Մի շարք ուղղություններով դա օգտակար է՝ թե՛ պետության, թե՛ բնակչության, թե՛ քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից, ինչպես նաև ուրախ կլինենք լսել ձեր հետադարձ կապը և գնահատականը այս հարթակների օգտագործելիության և հասանելիության տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա միջոցներ են ներդրվում, որպեսզի մենք արդիականացնենք այդ համակարգերը և ծավալային նույնպես մեծացնենք»:

Գիտնականների, տվյալագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել, որն ակտիվ մասնակցում է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրմամբ, ինչպես նաև կանխատեսումներ և հաշվարկներ են անելու։ Նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կորոնավիրուսի օջախների քարտեզագրումը. - «Տարածման գոտիների և այլ տեղեկատվության համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացումը և մի շարք այլ գործողություններ, որոնք հնարավորություն կտան միջոցներ ձեռնարկել իրավիճակը է՛լ ավելի կառավարելի դարձնելու և Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու ուղղությամբ», - ասաց նախարարը:

Կանխատեսումների մասով դեռ տվյալներ չկա, առաջիկայում խոստանում են հրապարակել։

«Որոշ գնահատականներ լինելուն պես անպայման կհայտնենք: Մենք նաև կկազմակերպենք, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս թափանցիկ լինի և հասանելի լինի», - վստահեցրեց Հակոբ Արշակյանը:

XS
SM
MD
LG