Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ, հայտնում են դատախազությունից:
Ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարաձգել է 5 անձանց ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները, ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:
Դատախազությունից նշում են, որ նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաև հանգամանքը, որ նաև անձանց ՀՀ-ում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում ևս:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին՝ նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։