Մատչելիության հղումներ

Արվեստը պետք է լինի ինքնուրույն, ազատվի կապանքներից, շեշտում է Ռուբեն Բաբայանը


Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբան Բաբայան, արխիվ

Ավանդաբար գարնանային առաջին ամիսը մեր թատերական գործիչներին պարգևներ է բերում՝ «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխության շնորհիվ, որի ընթացքում ոչ միայն ի հայտ են գալիս լավագույն բեմադրությունները, ռեժիսորները, դերասաններն ու դերասանուհիները, այլև առհասարակ՝ ինչ արդյունքներ են գրանցվել մեր թատերական ասպարեզում և ինչ խնդիրներ են ի հայտ եկել մեկ տարվա ընթացքում:

Մինչ մրցանակաբաշխությունը դեռ շատ ժամանակ կա՝ այն ավանդաբար տեղի է ունենում Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:

Մինչ այդ, Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանին «Ազատություն»-ը խնդրեց ամփոփել թատերական աշխարհի ձեռքբերումները վերջին մեկ տարվա ընթացքում, խոսել նաև խնդիրների մասին:

«Շատ հետաքրքիր սկսել է աշխատել Համազգային թատրոնը՝ վերջին ներկայացումները ընդհանրապես կարծում եմ այլ մի երևույթ են: Կարծում եմ՝ բոլոր թատրոններում կան հետաքրքիր ներկայացումներ», - ասաց Բաբայանը:

«Ցավոք սրտի, շատ քիչ բան է փոխվում կառավարման տեսակետից՝ մնում է կարծրացած սովետական համակարգը, դա դեռ չի փոխվել», - ընդգծեց Տիկնիկային թատրոնը գլխավոր ռեժիսորը՝ համոզմունք հայտնելով, որ մինչև երկրում չընդունվի հովանավորչության և մեկենասության մասին օրենք, «ազատ առևտրի մասին խոսելը անիմաստ է, բացարձակապես, սա փաստ է»:

Թե ինչու այդ օրենքն այսքան տարի չի ընդունվում, Բաբայանը կարծիք հայտնեց, որ «չկա դրա գիտակցությունը, չկա գիտակցությունը՝ ինչքանով քաղաքակիրթ հասարակության համար անհրաժեշտ է ազատ արվեստը և մշակույթը, ինչքանով է անհրաժեշտ կապել մշակույթը և արվեստը բիզնեսի, հասարակության հետ»: «Սա շատ կարևոր հարց է», - շեշտեց արվեստագետը:

«Ինչն է միավորում մարդկանց, ինչն է դարձնում իրենց հանդուրժող, ինչն է դարձնում բարի՝ մշակույթը», - նշեց Բաբայանը՝ հավելելով. - «Մշակույթը ունի կիրառական նշանակություն, այլ ոչ թե ժամանցային, սա պետք է հասկանալ: Նա մաքրում է մարդուն, նա ստիպում է մարդուն մարդ դառնալ, նա այն, Նիցշեի ասած, էն բարակ կեղևն է, որը թույլ չի տալիս, որ աշխարհի քաոսը պայթի»:

«Երբ սա գիտակցում ես, սկսում ես մտածել՝ ինչ անել, իսկ եթե պարզապես ուզում ես ամեն ինչը վերահսկել, ձեռքի տակ պահել, ինչպես, ասենք, ներբերշիկի արտադրությունը, պարզ է, որ արդյունքը լինելու է այս տեսակ», - նկատեց Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ նշելով, որ անձամբ ինքն ահավոր հոգնել է բյուրոկրատիզմից. - «Ես ամեն օր առնչվում եմ բյուրոկրատական պատնեշի հետ»:

«Իսկ գուցե ազատվե՞ք պետության կապանքներից, դառնաք ինքնուրո՞ւյն», - այս դիտարկմանը Ռուբեն Բաբայանն արձագանքեց. - «Բա ինչի՞ եմ ասում՝ հովանավորչության ու մեկենասության մասին օրենքը, եթե դա չլինի, ինքնուրույն դու դառնալ չես կարող, ինչպես ամբողջ աշխարհում: Էդ ո՞ր թատրոնն է ինքնուրույն, միայն իր տոմսի վաճառած գումարով իրեն պահում՝ չկա նման բան, սուտ է, չկա»:

«Այո, ես շատ եմ ուզում դառնալ ինքնուրույն, ազատվել էդ կապանքներից՝ տվեք էդ հնարավորությունը, տվեք՝ ես գնամ գտնեմ հովանավորներ, շահագրգռեմ իրենց», - ընդգծեց Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Հարցին՝ «լավ, այս կախարդական շրջանից ե՞րբ կձերբազատվի թատրոնը, թատերական աշխարհը», Ռուբեն Բաբայանը պատասխանեց. - «Երբ որ որոշենք, որ մեր արժեքային համակարգի կենտրոնում մարդն է գտնվում՝ ոչ թե կուսակցությունը, ոչ թե ազգը, ոչ թե ժողովուրդը, ոչ թե պետությունը, այլ՝ մարդը, և ինչ որ արվում է, պետք է արվի հանուն մարդու: Ե՛վ պետությունն է հանուն մարդու, և՛ ժողովուրդն է հանուն մարդու, և՛ ազգն է, և՛, առաջին հերթին, արվեստն ու մշակույթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG