Մատչելիության հղումներ

Նախագահ Թրամփն ԱՄՆ-ում համազգային արտակարգ դրություն հայտարարեց


Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի առիթով համազգային արտակարգ դրություն է հայտարարում, Վաշինգտոն, 13-ը մարտի, 2020թ․

Նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով համազգային արտակարգ դրություն է հայտարարվել։ Մինչ այդ նման ռեժիմը գործել է մի շարք նահանգներում։

Թրամփի փոխանցմամբ, այդ որոշումը թույլ կտա արագ կարգով 50 միլիարդ դոլար հատկացնել համավարակի դեմ պայքարին։

Իշխանությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի և բժշկական հաստատություններին աջակցի վիրուսի բացահայտման ստուգումները հնարավորինս արագ իրականացնելու միջոցներով։

Մասնագետները կստանան քաղաքացիների մոտ վիրուսի առկայության արագ բացահայտման ինովացիոն մեթոդներ փորձարկելու հնարավորություն։ Դրա համար պատկան մարմինները մասնակիորեն կչեղարկեն որոշ գործող ընթացակարգային սահմանափակումներ։

Մարտի 13-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ Միացյալ Նահանգներում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, վախճանվել է առնվազն 41 մարդ։

Լուիզիանա նահանգն ընդունել է նախագահական ընտրարշավի շրջանակներում ապրիլի 4-ին կայանալիք ներկուսակցական նախնական ընտրությունները՝ primary-ները, մինչև հունիսի 20-ը հետաձգելու որոշում։

Թրամփը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կարող են նույնպես արգելել այցերը ԱՄՆ, սակայն, ըստ Լոնդոնի, վերջնական որոշում դեռ չի ընդունվել։

Թրամփը չի բացառել, որ իրավիճակն առաջիկա օրերին կարող է վատթարանալ։

«Գուցե ավելի վատ լինի, գալիք 8 շաբաթները շատ կարևոր են, որոշ բժիշկներ ասում են, թե այն [համաճարակը] կարող է սելավի նման գալ», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG