Մատչելիության հղումներ

Միրզոյանը ԱԺ պատգամավորներին և աշխատակիցներին կոչ է անում աշխատել առցանց


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում շրջաբերական է հրապարակել՝ խորհրդարանի պատգամավորներին և աշխատակիցներին հորդորելով կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու համար հնարավորինս սահմանափակել ֆիզիկական հաղորդակցությունն այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարել առցանց, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում գործուղման մեկնած կամ որևէ ռիսկային խմբի ներկայացուցչի հետ ֆիզիկական շփումներ ունեցած գործընկերներին՝ ժամանակավորապես հնարավորինս ինքնամեկուսանալ։

«Կոչ եմ անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, հաճախակի ախտահանել ձեռքերը և ձեռքերով հաճախ հպվող առարկաները, խուսափել դեմքին դիպչելուց, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց», - ասված է շրջաբերականում:

«Հաշվի առնելով մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսի՝ վարակի կանխարգելմամբ պայմանավորված ժամանակավոր ոչ բնականոն ընթացքը, ԱԺ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մանկապարտեզ կամ տարրական դպրոց հաճախող երեխա ունեն և իրենք են հոգում այդ երեխայի խնամքը, աշխատանքային օրվա ընթացքում ողջախոհության սահմաններում կարճատև բացակայությունների համար կարգապահական տույժեր չեն կիրառվի», - նաև խոստանում է ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 6 հաստատված դեպք կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG