Մատչելիության հղումներ

2016-ին Երևանում 343 քմ տարածքն օտարվել է կրկնակի էժան, քրգործ է հարուցվել. Դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Պետական գույքի մասնավորեցման գործընթացում հերթական հանցավոր իրավախախտումներն են պարզվել, հարուցվել է քրեական գործ, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված հերթական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016 թվականին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել Երևանի Նոր Նորք համայնքի Վիլնյուսի փողոց 3 շենք, թիվ 90 հասցեում գտնվող 343 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատում: «Նշված առաջարկի հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի, առանց ծառայությունների մատուցման պայմանագրի կատարված գնահատման աշխատանքների արդյունքում ՍՊԸ-ն 2017թ. դեկտեմբերին տվել է եզրակացություն, համաձայն որի նշված հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքը կազմել է 33.8 մլն ՀՀ դրամ: Գնահատման հիման վրա անցկացված մրցույթի արդյունքում, գույքը վաճառվել է մի քաղաքացու՝ ըստ առքուվաճառքի պայմանագրի՝ 21.6 մլն ՀՀ դրամով: Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ, այսինքն ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունը տալու պահին, այդ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 48 մլն ՀՀ դրամ», - մանրամասնում է Դատախազությունը՝ եզրակացնելով. - «Այսինքն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք <...>, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին պատվիրել են նշված 343ք/մ մակերեսով ոչ բնակելի տարածքի գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը կազմել է կեղծ եզրակացություն, որով 48 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է զգալիորեն ցածր արժեքով: Դրա հիման վրա գույքն օտարվել է նախնական շուկայական արժեքից ավելի քան 2 անգամ պակաս գնով»:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Քննչական կոմիտե:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG