Մատչելիության հղումներ

Արման Թաթոյան. Ես առաջնորդվում եմ ինստիտուցիոնալ մակարդակով


«Ազատություն». - Պարոն Թաթոյան, Դուք նախորդ շաբաթ Ստրասբուրգում էիք, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ եք հանդիպել, մարդու իրավունքների հանձնակատարի։ Ձեզ Հայաստանի վերաբերյալ մտահոգություններ փոխանցվե՞լ են, թե՞ ոչ։ Մասնավորապես՝ հանրաքվեի հետ կապված։

Թաթոյան. - Գլխավոր թեմաներից էր, իհարկե, հանրաքվեի հետ կապված իրադարձությունները, մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կատարվող գործողությունները, իմ գնահատականները։ Ես ընդամենը ասեմ, որ հանրաքվեի հետ կապված ես չեմ մտնում այս պահին այդ գործընթացի հակասահմանադրական լինել-չլինելու մեջ, որովհետև դա, ես կարծում եմ, քաղաքական օրակարգի առարկա է, և որևէ կողմից անդրադառնալը կամ կողմի կարծիքը ընդունելը որպես հիմք, այդ կողմից պաշտպանելը կլինի ակնհայտ քաղաքականացում։ Հանրաքվեն ինքնին իրողություն է, որ հիմա տեղի է ունենում։ Դրա համար ես, որպես իրողություն, հիմք ընդունելով՝ մենք իրականացնում ենք հիմա մանրակրկիտ դիտարկում, որպեսզի կարողանանք հետագայում ճիշտ գնահատականները, անաչառ գնահատականները տալ։

«Ազատություն». - Ահազանգեր ստացե՞լ եք արդեն խախտումների մասին։

Թաթոյան. - Մենք այս պահին ունենք հրապարակային արձագանքները, որին իհարկե հետևում ենք։

«Ազատություն». - Պարոն Թաթոյան, մեկ-երկու օրինակ։ Դուք ասացիք, որ «Ոչ»-ի շտաբից, առնվազն մամուլից տեղեկացել եք, որ վարչապետը չարաշահում է ռեսուրսը, միաժամանակ աշխատանքային այց է անում և քարոզչություն։ Կամ Սուրեն Պապիկյանի օրինակն էր բերում, որ խորհրդարանի ամբիոնից «Այո» է քարոզել։

Թաթոյան. - Մեր մոտ այդ բոլորը գրանցված է, ուսումնասիրություններ ենք իրականացնում։ Ես այս պահին վաղ եմ համարում դրանց վերաբերյալ գնահատականներ տալը՝ մեր մանդատից ելնելով։ Դրանք կլինեն նաև մեր ամփոփ արձագանքի մեջ։

«Ազատություն». - Թեև բովանդականության մեջ չեք մտնում, այնուամենայնիվ Դուք դիմում եք Սահմանադրական դատարան մի փուլում, երբ դրված է այդ կառույցի լեգիտիմության հարցը, և կարող է լինել ընկալում, որ Դուք առնվազն խնդիր չեք տեսնում...

Թաթոյան. - Լավ հարց է։ Եվ հակառակն է ամբողջությամբ. ես կատարում եմ իմ գործը։ Սա ինստիտուտ է, պետական ինստիտուտ է, Սահմանադրական դատարանը պետական ինստիտուտ է, ես առաջնորդվում եմ ինստիտուցիոնալ մակարդակով։ Դուք պատկերացնում ե՞ք, հանկարծ ես չդիմեի Սահմանադրական դատարան, հայտարարեի՝ լեգիտիմություն քաղաքական բառը օգտագործելով։ Դա ակնհայտ կնշանակեր, որ ես արդեն չեմ կարող անաչառ լինել և պետական ինստիտուտին բնորոշ հատուկ մոտեցումներ չունեմ։

«Ազատություն». - Բայց եթե դիմում եք, նշանակում է ընդունում եք, որ լեգիտիմ է։

Թաթոյան. - Ես դիմում եմ և կարծում եմ, որ պետք է այստեղ ինստիտուցիոնալ մոտեցում։ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող որևէ քաղաքական դիրքորոշմանը օգտակար դիրքորոշումներ հայտնել կամ պաշտպանել այս կամ այն կողմին։

«Ազատություն». - Գործադիրից ազդակներ ստացե՞լ եք, որ գոնե այս շրջանում ձեռնպահ մնաք Բարձր դատարան դիմելու։

Թաթոյան. - Ոչ։ Ես այդ առումով ուզում եմ ասել, որ կարևորում եմ բարձր եմ գնահատում իմ հարաբերությունները գործադիր իշխանության հետ։ Պարբերաբար հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ ունենում եմ Հանրապետության վարչապետի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, Հանրապետության նախագահի հետ։ Եվ որևէ անգամ որևէ նման երբեք փորձ չի եղել իմ նկատմամբ, հավասարը հավասարին գործընկերներ ենք։ Եվ մենք, որպես սահմանադրական անկախ ինստիտուտ, դրանով է հենց նաև մեր արժեքը, որովհետև մենք ամենաբարձր միջազգային կարգավիճակը ունենք, և դա սրբության պես պահպանում ենք, համագործակցում ենք մեր գործընկերների հետ։ Որքան դրական ծրագիր եղավ, ես միայն աջակցելու եմ, որքան խնդիր ունեցող ծրագիր եղավ, քննադատելու ենք, բայց նաև մեր լուծումները առաջարկելու ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG