Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենը կրկին Լիանա Աշրաֆյանն է, նա է վերջին հինգ տարիներին ղեկավարել հաստատությունը։ Տնօրենի ընտրությունն անցկացնող խորհրդի վեց անդամներից հինգն այսօր նախապատվությունը նրան տվեցին, պաշտոնին հավակնում էին հինգ թեկնածու։
Քվեարկությանը մասնակցած դպրոցի կառավարման խորհրդի կազմում երեքը քաղաքապետարանի ներկայացուցիչներն էին, երկուսը այս հաստատության մանկավարժներ, մեկն էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն էր ներկայացնում։
Խորհրդի միակ անդամը, որը չքվեարկեց Աշրաֆյանի օգտին, ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնող կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանն էր։ Թեկնածուների ելույթների փուլում Սողոմոնյանը հիշեցրեց՝ Աշրաֆյանի պաշտոնավարման շրջանում կրթության տեսչական մարմինը մի շարք խախտումներ է հայտնաբերել դպրոցում։
«Օրինակ՝ խախտվել են հետևյալ իրավական ակտերի պահանջները՝ դպրոցի տնօրենն իրականացնում է վերահսկողություն սովորողների գիտելիքների յուրացման որակի նկատմամբ, մաթեմատիկա առարկայից գրավոր աշխատանքներից 603 սովորողներից 285-ը՝ 47 տոկոսը, ստացել է անբավարար գնահատական, այնուհետև կան տարբեր ուսուցիչների այլ առարկաներով ուսուցիչ նշանակելու որոշումներ, լեզվի մասնագետը՝ ֆիզկուլտուրա և հակառակը», - ասաց ԿԳՄՍ ներկայացուցիչը։
Աշրաֆյանն էլ արձագանքեց. «Այդ առարկաներին՝ Հասարակագիտություն, Աշխարհագրություն, Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ մենք այդպես էլ չկարողացանք գտնել, իսկ տվյալ ուսուցիչներին, եթե հրամանով այդ ժամերը բաշխվել են, զուտ նրա համար, որ ծրագրի կատարողականն ամբողջական լինի»։
Սողոմոնյանը շարունակեց՝ մեկ տարվա մեջ Երևանի ամենահարուստ դպրոցներից մեկը չի ծախսել ավելի քան 50 միլիոն դրամ, այն դեպքում, երբ այդ գումարով կարելի էր պրոյեկտորներ, էլեկտրական գրատախտակներ ձեռք բերել։
«Էլեկտրոնային գրատախտակների հետ կապված ես ավելացնեմ՝ ինչն է խնդիրը, որ մեծ քանակով մենք չենք ձեռք բերում, քանի որ նույնիսկ երեք գրատախտակ ձեռք բերելու ընթացքում մասնագետները չեն կարողանում այն ամրացնել, քանի որ իրենք նշում են, որ կոնկրետ այս մասնաշենքը «բաղդատե» մասնաշենք է, և այս պրոյեկտորները էլեկտրոնային գրատախտակը չեն կարող այստեղ ամրացված լինել, վտանգավոր են երեխաների համար», - ասաց դպրոցի տնօրենը։
Ընտրությունից հետո Սողոմոնյանը դեմ քվեարկեց նաև քվեարկության ընթացքի ու արդյունքների հաստատմանը՝ պնդելով խորհրդի անդամները շահադիտական նպատակներ են ունեցել։
Աշրաֆյանը նույն ընտանիքից այս դպրոցի արդեն երկրորդ տնօրենն է, նրանից առաջ ուսումնական հաստատությունը ղեկավարել է նրա մայրը՝ Հասմիկ Ղարիբյանը։ Նորընտիր տնօրենը ընտրության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ հավասար պայմաններ են եղել։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վահրամ Սողոմոնյանին, քանի որ այս ամիսների ընթացքում նա այնպես արեց, որ ես կարողացա, եթե դպրոցում կար մի փոքր թերություն կամ մի փոքր դժվարություն, էլ ավելի աչալուրջ վերաբերվել այդ հարցերին», - նշեց նա։
Աշրաֆյանի գնահատմամբ՝ տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները սովորական են և օբյեկտիվ. «Բնականաբար, 2000-ից ավելի աշակերտ լինելու դեպքում կարող են լինել և աշակերտներ, որոնց կրթության որակը մի փոքր ցածր լինի»։
Խորհրդի կազմում Կրթության նախարարությունը ներկայացնող Սողոմոնյանի խոսքով էլ տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները որևէ կերպ չարտացոլվեցին քվեարկության արդյունքներում։
«Այն գլխավոր խնդիրը, որ ես իմ հատուկ կարծիքով ուզում եմ արտահայտել այն է, որ երբեմն համայնքների կողմից, քաղաքապետարանի վարչությունների կողմից ներկայացված թեկնածուները, խորհրդի անդամները գործում են շահադիտական, կողմնակալ սկզբունքներից ելնելով։ Այս գործընթացը, որ տեղի ունեցավ, բացարձակապես ազդեցություն չունեցավ նրանց որոշման վրա», - նշեց Սողոմոնյանը։