Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը


«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ, 77 կողմ, 21 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ ձերբակալված և կալանավորված մարդկանց պահելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։

Փոփոխությունները ենթադրում են, որ պատգամավորը առանց խոչընդոտի կարող է տեսակցել կալանավորված և ձերբակալված անձանց։

Նախագծին վարման կարգով դեմ արտահայտվեցին իշխանական «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ: Նիկոլայ Բաղդասարյանն, օրինակ, ասաց՝ առաջարկում են մերժել, քանի որ գործող կարգավորումներով էլ Հայաստանում նման խնդիր չի առաջանում։

«Խնդիրը առաջանում է միայն այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է դրված լինում տեսակցելու վերաբերյալ, բայց այս նախագիծն այդ հարցը չի կարգավորում, առաջարկել ենք օրենքի հեղինակին հետ կանչել այդ օրենքը և քննարկել այդ հարցը, բայց հրաժարվել է։ Այդ պատճառաբանությամբ նաև հանձնաժողովը Պետաիրավական բացասական եզրակացություն է տվել», - նշեց Բաղդասարյանը։

Առաջարկն ունի նախապատմություն, վարման կարգով հակադարձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բացատրելով, որ այս խնդիրն առաջանում է քաղբանտարկյալների դեպքում: Հիշեցրեց՝ ժամանակին նախագիծը մշակել է «Ելք» դաշինքը, զեկուցողն էլ եղել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց քննիչի արգելքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր կարող են ինֆորմացիա փոխանակել, դուրս հանել, ովքեր որ կասկածում են, որ պատգամավորը կարող է նման բան անել, նրանք հանցագործության կանխավարկածով են առաջնորդվում, օրինակ՝ հենց հիմա դուք։ Եթե այս օրենքը հիմա չընդունվի, դուրս է գալու, որ նախորդ իշխանության մեկնաբանությունից մինչև այսօրվա իշխանության բան չի փոխվել, այս օրենքն ինդիկատոր է՝ կամ ընդունում ենք ու ասում ենք, որ բան է փոխվել, կամ էլ մի ընդունեք, ասեք, որ «հիմա էլ է այդպես լինելու՝ քաղբանտարկյալներ են լինելու ու դուք չեք կարողանալու հանդիպել, որովհետև քննության մարմինները թույլ չեն տալու», - ասաց Մարուքյանը։

Նախագծին կողմ էր նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ազնիվ չեն «Իմ քայլ»-ի այն պատգամավորները, ովքեր ասում են, որ նման խնդիր Հայաստանում չկա։

«Ինձ բազմիցս արգելել են մուտքը քրեակատարողական հիմնարկներ, մասնավորապես, Սարի թաղի գործով կալանավորված անձանց հանդիպելու, նշելով, որ քննիչը թույլ չի տալիս։ Արդարադատության նախարարությունը, այո, պատգամավորի մուտքի արգելքը մեկնաբանել է յուրովի, ուստի մենք կարծում ենք, որ առավել հստակեցման անհրաժեշտությունն օրենքով կա», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Չնայած իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը ևս դեմ էր նախագծին ու կոչ արեց գործընկեր պատգամավորներին ևս դեմ քվեարկել, Պետաիրավական հանձնաժողովի մեկ այլ՝ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ գործընկերներին էլ կոչ արեց կողմ քվեարկել և սեփական քվեարկությամբ չսահմանափակել պատգամավորի լիազորությունները:

«Կներեք, ես այս պահին չեմ կարող դեմ քվեարկել, որովհետև ես էլ եմ կարծում, որ միանշանակ չէ։ Այո, պարոն Բաբաջանյանի նշած կալանավորին ինքը չի կարողացել տեսակցել, բայց ես և Սերգեյ Ատոմյանն, օրինակ, հինգ օր առաջ կարողացել ենք այդ նույն մարդուն տեսակցել, հետևաբար, կարծում եմ՝ արժի հնարավորություն տալ։ Եթե կարծում ենք, որ թերի է առաջինից երկրորդ ընթերցում նշենք գուցե, որ բացառիկ դեպքերում, եթե կա այդտեղ շահերի բախում, գուցե հնարավոր է լինեն պատգամավորներ, ում հարազատը կարող է կալանավորված լինել, նշենք այդ դեպքերը, որ բացառվի, բայց ընդհանուր պատգամավորներին, կարծում եմ՝ սխալ կլինի մենք մեր լիազորությունները կրճատող որոշում կայացնենք», - ասաց Գաբրիելյանը։

Ապա Ազգային Ժողովը քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունները: Հայրենադարձվողը 18 ամսվա ընթացքում կարող է առանց որևէ հարկ վճարելու երկիր բերել իր անձնական ունեցվածքը, ինչպես նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունով գրանցված մեկ տրանսպորտային միջոց: Սակայն այս ամենը նա կարող է ներմուծել այն երկրից, որից պատրաստվում է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության նպատակով: Միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցը պետք է գրանցված լինի այդ անձի անունով ժամանումից առնվազն 6 ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG