Մատչելիության հղումներ

Աբովյանի քաղաքապետն իր մեղադրանքում քաղաքական ենթատեքստ չի տեսնում


Համայնքային հողամասերի ինքնակամ զավթումն ու շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու համար մեղադրվող Աբովյանի քաղաքապետը շարունակում է պնդել՝ մեղադրանքն անհիմն է։ Դրա համար ասուլիս էր հրավիրել հատուկ հենց այն տարածքում, որը քրեական գործի պատճառ էր դարձել։ Հիմա այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ընկերությունը բազմաբնակարան շենքերի կառուցումը դադարեցրել է։

«Երկու անգամ մենք վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին։ Մի դեպքում՝ շինարարական աշխատանքները իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու հետ կապված։ Ես ասեմ՝ հլը վիճարկելի է այդ համայնքային հող դուրս գալը, որովհետև կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ, փորձաքննություն է իրականացվում և առաջիկայում կպարզվի», - նշեց Գևորգյանը։

Աբովյանի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելած Վահագն Գևորգյանը վստահեցրեց՝ շինարարությունը շուրջ 6 ամիս առաջ է կասեցվել: Իսկ Գլխավոր դատախազությունից հակառակն են պնդում՝ շինարարությունն անգամ փետրվարին է շարունակվել։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց. «Շինարարությունը շարունակվել է համապատասխան պաշտոնատար անձանց համար տեսանելի, նրանց իմացության պայմաններում, հակառակ դեպքում առաջին վարչական տույժն էլ չէին կիրառի»։

Բացի այդ, դատախազությունից պարզաբանում են՝ Աբովյանի քաղաքապետը կոնկրետ համայնքից հողամաս զավթելու ու կրկին այնտեղ էլ առանց շինթույլտվության կառուցապատում իրականացնելու համար երկրորդ անգամ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին չի տուգանել։ Դա է պատճառը, որ քրգործով «Մուլտի Գրուպ» ընկերությունը չի անցնում։

«Եթե ողջամիտ ժամկետներում երկրորդ անգամ տուգանվեր, վարչական տույժ կիրառվեր ընկերության նկատմամբ, սակայն ընկերությունը դրանից հետո ևս շարունակեր առանց համապատասխան շինարարության թույլտվություններ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու, իսկ դրա համար պետք է նա սեփականության իրավունքը ձեռք բերելուն ուղղված քայլեր նախ ձեռնարկեր, այդ ամբողջը չանելու պայմաններում նոր քրեական պատասխանատվության ենթական կարող էր դառնալ ընկերությունը», - նշեց Աբրահամյանը։

Գևորգյանն իր մեղադրանքում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, սակայն «Ֆեյսբուք»-ում ակնարկել էր, որ հնարավոր է դիտավորություն կամ «դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է քրեական գործը»։ Իսկ թե ում է կասկածում, անուններ չի տալիս: Վստահեցնում է՝ Կոտայքի մարզպետին նկատի չի ունեցել։

«Դեմարշ անել ինչ-որ անձի, դեմարշ անել պետական այլ կառույցի, էդ մոտեցումով ուղղակի դու չես կարա աշխատես, որովհետև ես էլի եմ ասել ու կրկնում եմ՝ սա պետական ինստիտուտներ են, որոնք որ պարտավոր են իրար հետ համագործակցել, անկախ նրանից՝ միջանձնային հարաբերություններում իրար սիրում են, թե չեն սիրում», - ասաց Աբովյանի քաղաքապետը։

Հարցին էլ, թե ինչպիսի հարաբերություններ ունեն հիմա, Գևորգյանը պատասխանեց. «Աշխատանքային»։

Ըստ դատախազության, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը Աբովյան համայնքից շուրջ 2200 քառակուսի մետր տարածք է զավթել։ Ինքը՝ Ծառուկյանը Ազգային ժողովում օրերս հայտարարեց, թե տարածքում նախատեսում է 20 բազմաբնակարան շենք կառուցել, չպնդեց էլ, որ «Մուտի Գրուպ»-ը որևէ օրենք չի խախտել։

«Հիմա ինչ ուզում է դնեն ընդեղ, եսիմ, կեսն ապօրինի շինություն, 20 սանտիմ դուրս է եկել, եսիմ ինչ է արել, պետք է՝ կկանգնացնեմ, կդադարեցնեմ, ես այդպիսի խնդիր չունեմ, իմ քայլը ես որպես մարդ կատարել եմ, մնացածն իրավական տիրույթում է», - ասաց Ծառուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG