Մատչելիության հղումներ

Ուկրաինային անհրաժեշտ է կառավարություն, որ կանի անհնարինը, շեշտում է երկրի նախագահը


Ուկրաինա - Գերագույն ռադան Դենիս Շմիգալին նշանակում է վարչապետ, Կիև, 4-ը մարտի, 2020թ.

Ուկրաինան երեկվանից նոր վարչապետ ունի: Կառավարության ղեկավարի պաշտոնն այսուհետ զբաղեցնելու է 44-ամյա Դենիս Շմիգալը:

Կառավարական ճգնաժամը Կիևում շարունակվեց ընդամենը մի քանի ժամ: Կեսօրին մոտ Գերագույն ռադայի պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկեց արդեն նախկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի և նրա նախարարական կաբինետի պաշտոնանկության օգտին, իսկ երեկոյան արդեն երկիրը նոր կառավարություն ուներ:

Ընդամենը կես տարի վարչապետ աշխատած Գոնչարուկի պաշտոնանկության հարցը Ռադայի օրակարգում հայտնվեց, երբ հայտնի դարձավ նախօրեին նրա ներկայացրած հրաժարականի դիմում մասին: Այն, որ այդ դիմումը չի մերժվի, պարզ դարձավ, երբ խորհրդարան ժամանեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` կոշտ քննադատության ենթարկելով կառավարության անդամներին:

«Այո, իրոք, սա առաջին կառավարությունն է, որի վերին օղակներում բացակայում է կոռուպցիան: Չգողանալը, սակայն, քիչ է: Սա նոր դեմքերի կառավարություն էր, սակայն դեմքերը քիչ են: Անհրաժեշտ են նոր ուղեղներ և նոր սրտեր», - հայտարարում էր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի հիմնական դժգոհությունները վերաբերում էին Գոնչարուկի կառավարության գործունեության ընթացքում արձանագրված տնտեսական ցուցանիշներին:

«2020 թվականի առաջին երկու ամիսներին երկրի բյուջեն թերակատարվել է 16 միլիարդ գրիվնայով, որից 13 միլիարդը` Պետական մաքսային ծառայության գործունեության պատճառով», - խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր Զելենսկին` հավելելով. - «Տպավորությունն այնպիսին է, որ մաքսանենգները մաքսային ծառայությանը խորը նոկաուտի են ենթարկել»:

Զելենսկին նաև դժգոհ է վերջին ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալների զգալի նվազումից: «Ուկրաինայի արդյունաբերական փառքը աստիճանաբար հուշ է դառնալու», - պնդում էր երկրի նախագահը:

«Ես չեմ կարող միաժամանակ հանդես գալ թե՛ հոգեբանի, թե՛ ճգնաժամային մենեջերի և թե՛ դայակի դերում», - ասում էր Զելենսկին` պնդելով, որ նոր կառավարությանը միանգամայն նոր պահանջներ են ներկայացվելու:

«Ուկրաինայում եղել են տեխնոկրատների և կաշառակերների կառավարություններ, ազգային փրկության կառավարություններ և կառավարություններ, որոնք համալրված են եղել «ամուր տնտեսվարողներով»: Այժմ մեր երկրին անհրաժեշտ է կառավարություն, որ կանի անհնարինը», - շեշտում էր նախագահը:

Ինչ վերաբերում է նոր վարչապետին, ապա, Դենիս Շմիգալի խոսքով, նորաստեղծ կառավարության առաջնահերթ նպատակը լինելու է նախորդ կաբինետի թույլ տված սխալների շտկումը:

«Տարբեր պատճառներ կան, որոնց հետևանքով ես այսօր հայտնվել եմ այս ամբիոնի մոտ: Դրանք են՝ տնտեսական ցուցանիշների անկումը, բյուջետային ճգնաժամի նախանշանները, արդյունաբերության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում տիրող կացությունը», - հայտարարում էր Շմիգալը:

Այդուհանդերձ, դատելով Ուկրաինայի նորանշանակ վարչապետի հայտարարություններից` առաջիկա ամիսներին գործադիր իշխանությունը, չնայած տնտեսական ոչ ամենաբարվոք վիճակին և բյուջեի թերակատարմանը, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է պետության կողմից ազգաբնակչությանը տրամադրվող ֆինանսական օգնության վրա:

«Կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք 2020 թվականի բյուջեն` ավելացնելով շարքային ուկրաինացիներին վճարվող կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը: Դրա հետ մեկտեղ, կան ծախսեր, որոնք հարկավոր է նվազեցնել: Խոսքը նախևառաջ պաշտոնյաների, այդ թվում՝ նոր կառավարության անդամների աշխատավարձերի մասին է», - հայտարարում էր Ուկրաինայի նորանշանակ վարչապետը:

Դենիս Շմիգալը նախկինում աշխատել է Լվովի մարզյաին վարչակազմում, եղել է երկրի արևմուտքում տեղակայված ջերմային էլեկտրակայաններից մեկի տնօրենը: 2019 թվականի ամռանը Վլադիմիր Զելենսկին նրան նշանակեց Իվանո-Ֆրանկովսկի մարզի նահանգապետ, իսկ մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեց Կիև` նշանակելով Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում:

Երեկ տեղի ունեցած կադրային փոխատեղումների արդյունքում զգալիորեն նորացվել է նաև գործադիր իշխանության կազմը: Կառավարության հնաբնակ, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, սակայն, իր պաշտոնը պահպանել է: Ավակովը ՆԳ նախարարությունը ղեկավարում է արդեն յոթ տարի: Շմիգալը նրա չորրորդ վարչապետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG