Մատչելիության հղումներ

Իտալիան արդեն ծանր կորուստներ է կրում կորոնավիրուսի պատճառով


Ւտալիա, Միլան, 4-ը մարտի, 2020թ.

Իտալիայում մի քանի շաբաթով փակվում են բոլոր դպրոցները և համալսարանները՝ այդկերպ իտալական կառավարությունը փորձում է պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Իտալիայիում մահաբեր այդ վարակը, վերջին տվյալներով, արդեն խլել է 107 ավելի մարդու կյանք, վերջին մոտ երկու շաբաթվա ընթացքում՝ առաջին դեպքը հաստատվելուց ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 հազարը:

Չինաստանում բռնկված վարակն արդեն տարածվել է եվրոպական ավելի քան երկու տասնյակ երկրներում։ Վարակվածների թվով Իտալիան առաջինն է եվրոպական երկրների ցանկում: Վարակը լրջագույն հարված է հասցրել իտալացիների առօրյա կյանքին՝ փակվել են կինոթատրոններ, թանգարաններ և այլ հանրային վայրեր, մի շարք միջոցառումներ՝ այդ թվում նորաձևության ցուցադրություններ, տոնավաճառներ, չեղարկվել են: Փակ է Միլանի հանրահայտ «Լա Սկալա»-ն, չեղյալ է հայտարարվել ընդհուպ Վենետիկի դիմակահանդեսը, չեղարկվել են ինչպես գործարար համաժողովներն ու հանդիպումները, այնպես էլ մարզական միջոցառումները՝ մասնավորապես ֆուտբոլային խաղերը, կամ տեղի ունենալու դեպքում՝ բացառապես առանց հանդիսատեսի։

Այժմ նաև կրթական հաստատությունների աշխատանքը դադարեցնելուց բացի, երկրի կառավարությունն այլ սահմանափակումներ էլ է դիտարկում՝ արգելել ձեռքով բարևելը, փողոցում հանդիպելիս համբուրվելը, պահանջել փողոցում առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել անցորդներից:

Կորոնավիրուսի տարածման դեմ դիմակայել փորձող Իտալիայի կառավարությունն անգամ պատրաստվում է դիմել 75 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ հորդորելու տնից դուրս չգալ, այդ սահմանափակումները կարող են տարածվել նաև 65 տարեկանից բարձր անձանց վրա, որոնք առողջական խնդիրներ ունեն:

Աշխարհի ամենասիրված զբոսաշրջային ուղղություններից մեկը համարվող Իտալիան արդեն ծանր տնտեսական կորուստներ է կրում կորոնավիրուսի պատճառով: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ մարտից մինչև մայիս երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կարող է կրճատվել 32 միլիոնով, ինչը զբոսաշրջային ոլորտին կպատճառի ավելի քան 7 միլիարդ եվրոյի վնաս:

XS
SM
MD
LG