Մատչելիության հղումներ

2019-ին բացահայտվել է ԶՈՒ-ում կոռուպցիոն և այլ հանցագործություններով պետությանը պատճառված 12 մլրդ դրամի վնաս


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Զինդատախազության գործառույթների շրջանակում 2019 թվականին բացահայտվել է Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով և այլ իրավախախտումներով պետությանը պատճառված այնքան վնաս, որքան 2013-2018 թվականներին միասին վերցված, ասված է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրությունում։

Զինդատախազությունը վերլուծել է անցած տարի իր գործառույթների շրջանակում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2019-ի ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնցից 145-ով հարուցվել են քրեական գործեր:

Ընդհանուր առմամբ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:

Պարզվել է նաև, որ 2019-ի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 410 մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ դրամ վնաս, որը 2018-ի արդյունքը (մոտ 2 միլիարդ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018-ին արձանագրված վնասի ընդհանուր չափին։

Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ դրամ վնաս, կամ 2018-ի (680 մլն դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG