Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ի պնդմամբ՝ ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին


Արխիվային լուսանկար

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պաշտոնյան, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), փորձել է կաշառել առողջապահության նախարարի արդեն նախկին տեղակալին։

ՀՔԾ-ի նշած տարեթվերին՝ 2005-2018-ին առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականն Արման Մելքոնյանն էր։ 2018-ին Արսեն Թորոսյանի նախարար նշանակվելուց հետո նա դադարեցրել է իր աշխատանքը նախարարությունում։ Դրանից հետո Մելքոնյանն ԱԱԾ-ում բարձր պաշտոնի է նշանակվել։

Ըստ մեղադրանքի, Մելքոնյանը՝ որպես նախարարի խորհրդական, մտերմացել է բժշկական կենտրոններից մեկի տնօրենի հետ, տեղեկանալով, որ նա դժգոհ է կլինիկայի ֆինանսական գծով տնօրենի տեղակալից, առաջարկել է օգնել վերջինիս աշխատանքից հեռացնելու հարցում: ՀՔԾ-ն նաև հայտարարում է՝ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդականը, նախորդ տարվա փետրվարին հանդիսանալով արդեն ԱԱԾ պաշտոնյա, բժշկական կենտրոնի տնօրենին տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է նվազեցնել հիվանդանոցին պետպատվերով տրվող ծառայությունների հատկացումները, և որ հիշյալ բժշկական կենտրոնը զրկվել է համավճարային սկզբունքով բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունից։ Իրավապահների հաղորդմամբ՝ Մելքոնյանն ասել է, թե այդ հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ հիվանդանոցի տնօրենի ֆինանսական գծով տեղակալը կաշառք տա առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։ Մելքոնյանը հավաստիացրել է, որ այդ դեպքում կաշառք տվողի ու Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի, արդյունքում տնօրենը հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի բաժնետոմսերի՝ տեղակալի մասնաբաժինը, որը հավասարապես կբաժանվի իր և տնօրենի միջև։

Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։

Ըստ ընթացակարգի՝ առողջապահության նախարարն իր անվտանգության գծով խորհրդականին աշխատանքից կարող է ազատել միայն ԱԱԾ-ի հետ համաձայնության գալով։ Նախարար Արսեն Թորոսյանն «Ազատությանը» չասաց, թե ինչ հիմնավորմամբ են որոշել, որ Մելքոնյանը դադարեցնելու է աշխատանքը նախարարությունում։

Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն է կռահել, որ իր նախկին խորհրդականը, ինչպես պնդում է ՀՔԾ-ն, փորձել է կաշառել իր տեղակալին, և արդյո՞ք ինքն է դիմել իրավապահներին։ «Միշտ ասել եմ, որ որևէ ապօրինի արարք` իմ պատկերացմամբ, նկատելու դեպքում անմիջապես դրանք փոխանցելու եմ իրավապահ մարմիններին, որպեսզի իրավական գնահատական տրվի։ Կոնկրետ դեպքերին չեմ ուզում անդրադառնալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ հայտարարության մեջ նշված էր մի ժամանակահատված, երբ որ այդ պաշտոնյան այլևս մեր նախարարությունում չէր աշխատում», - հարցին արձագանքեց առողջապահության նախարարը։

ՀՔԾ-ի հաղորդագրությունից հետո մամուլը գրեց, որ բուժհաստատության տնօրենը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ղեկավարող Ալեքսանդր Մալայանն է, իսկ անձը, որը պետք է կաշառք փոխանցեր Արսեն Դավթյանին, Մալայանի ֆինանսական գծով տեղակալ Սմբատ Օհանյանն է։ Մալայանն «Ազատության» հետ զրույցում հերքեց ՀՔԾ-ի հայտարարությունը, թե ԱԱԾ պաշտոնյա Մելքոնյանն իր հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Արդյոք ԱԱԾ պաշտոնյայի հետ պայմանավորվե՞լ է, որ իր տեղակալը կաշառք տա առողջապահության փոխնախարարին. Մալայանը պատասխանեց՝ «հարցրեք իրավապահներից»։

«Ի՞նչ է նշանակում մտերիմ, դա չի մտնում մտերիմ, այսպես ասած, հարաբերությունների մեջ։ Այդ բոլորի հետ էլ ես աշխատել եմ նախարարությունում՝ որպես նախարարության աշխատակից, ինքն էլ՝ մյուս կողմից աշխատակից, հարաբերությունները սահմանափակվել են դրանով», - ասաց Ալեքսանդր Մալայանը։ Հարցին՝ «Ձեր աշխատակցին դուք ստիպե՞լ եք, որ կաշառք տա Արսեն Դավթյանին», նա արձագանքեց. - «Ոչ, դա Դուք կարող եք տվյալներ ստանալ միայն կա՛մ գործը կատարողների, կա՛մ գործը ավարտվելուց հետո»։

ՀՔԾ-ն նաև մանրամասնել է՝ բժշկական կենտրոնի տնօրենն իր մոտ է կանչել ֆինանսական գծով տեղակալին ու առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն վերջինս, իմանալով ԱԱԾ աշխատակցի և իր վերադասի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:

Մանրամասները «Ազատություն»-ը փորձեց պարզել հենց իրենից՝ տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Սմբատ Օհանյանից, սակայն նա երեկ ամբողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Մեր զանգերն անպատասխան թողեց նաև ԱԱԾ արդեն նախկին պաշտոնյա Արման Մելքոնյանը։

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է եղել, որ, ըստ ՀՔԾ-ի, նախարարի նախկին խորհրդականը, հետագայում ԱԱԾ-ում բարձր պաշտոն զբաղեցնելով, մշակել է մի սխեմա, որ հիվանդանոցի աշխատակիցն իրեն կաշառք տա։ «Ես իմ ենթադրություններն ունեմ, որի մասին չեմ ուզում բարձրաձայնել, չէ, չեմ կարող», - ասաց Դավթյանը, նշելով, որ Մելքոնյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ՝ «ոնց որ բոլորի»։ Հարցին էլ՝ սպասելի՞ էր իր համար ՀՔԾ-ի այս բացահայտումը, նա հակադարձեց. - «Չեմ մեկնաբանում ընդհանրապես էդ գործը»։

Ի դեպ, Արսեն Դավթյանն այս պահին մեղադրվում է բժշկական կենտրոններից մեկի ղեկավարից 3 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ դատարանում ասել է, թե չի իմացել, որ ծրարում փող է։ Այս գործից հետո նա այլևս առողջապահության փոխնախարար չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG