Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը բացահայտելու մասին։
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թվականի հուլիսից մինչև 2020-ի փետրվարը Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք «նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը»: «Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են Հայաստանի Հանրապետությունը և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
«ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ հերթական անգամ մուտքի արտոնագիր ստանալուց առաջ ապօրինի միգրացիայի կազմակերպիչներից մեկը բռնվել և բերման է ենթարկվել, խոստովանել հանցագործության կատարումը, իսկ մյուսները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը», - նշված է հաղորդագրությունում։
Գործով նախաքննությունը շարունակվում է։