Մատչելիության հղումներ

«Չկա գիտակցությունը՝ ինչքանով է հասարակության համար անհրաժեշտ ազատ արվեստը». Ռուբեն Բաբայան


Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, արխիվ

Վաղը գարնան առաջին օրն է, իսկ ավանդաբար գարնանային առաջին ամիսը մեր թատերական գործիչներին պարգևներ է բերում «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխության շնորհիվ, որի ընթացքում ոչ միայն ի հայտ են գալիս լավագույն բեմադրությունները, ռեժիսորները, դերասաններն ու դերասանուհիները, այլև առհասարակ՝ ի՞նչ արդյունքներ են գրանցվել մեր թատերական ասպարեզում և ի՞նչ խնդիրներ են ի հայտ եկել մեկ տարվա ընթացքում։

Մինչ մրցանակաբաշխությունը դեռ շատ ժամանակ կա։ Այն ավանդաբար տեղի է ունենում Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, իսկ մինչ այդ Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ամփոփեց թատերական աշխարհի ձեռքբերումները վերջին մեկ տարվա ընթացքում։

«Միանշանակ շատ հետաքրքիր սկսել է աշխատել Համազգային թատրոնը։ Վերջին ներկայացումները, ես կարծում եմ, փայլուն երևույթ են։ Կարծում եմ՝ բոլոր թատրոններում կան հետաքրքիր ներկայացումներ, ցավոք սրտի, շատ քիչ բան է փոխվում կառավարման տեսակետից՝ մնում է կարծրացած սովետական համակարգ։ Մինչև մեր երկրում չընդունվի հովանավորության մասին օրենքը, ազատ արվեստի մասին խոսելն անիմաստ է», - ասաց Ռուբեն Բաբայանը։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ այդ օրենքը այսքան տարի չի ընդունվում, Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը պատասխանեց. «Կարծում եմ՝ չկա դրա գիտակցությունը՝ ինչքանով քաղաքակիրթ հասարակության համար անհրաժեշտ է ազատ արվեստը և մշակույթը, ինչքանով է անհրաժեշտ կապել մշակույթը և արվեստը բիզնեսի, հասարակության հետ, սրանք շատ կարևոր հարցեր են»։

«Մշակույթն ունի կիրառական նշանակություն, այլ ոչ թե ժամանցային, սա պետք է հասկանալ, նա մաքրում է մարդուն, նա ստիպում է մարդուն մարդ դառնալ», - ընդգծեց Ռուբեն Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG