Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորը չի թաքցնում, որ ընտրողներին «շահագրգռելու» նպատակ ունեցել են


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան

«Իշխանությունը փորձում է էմոցիոնալ ֆոնը ուժեղացնելով՝ թուլացնել բովանդակայինը». սա «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի կարծիքն է «Այո»-ի բուկլետի մասին:

Իսկ իրենք, ասաց Նահապետյանը, ակնկալում էին ստանալ օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված հարցերի պատասխանները։ Մասնավորապես՝ արժե՞ր գնալ կեղծված սահմանադրության փոփոխությունների։

Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց «Այո»-ի բուկլետը։ Առաջին տպավորությունն այն է, որ բուկլետը շատ նման է ՀՀ քաղաքացու անձնագրին։ «Այո»-ի քարոզիչներն այնտեղ առաջարկում են ապրիլի 5-ին այո ասել ոչ միայն սահմանադրության փոփոխություններին, այլև հեղափոխությանը: Հանրաքվեի դրված բուն հարցից բացի, իշխանությունն ընտրողին հիշեցնում է նաև մի քանի տասնյակ հարցեր, որոնք այս ընթացքում մեկ անգամ չի ներկայացրել որպես ձեռքբերում՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատումից մինչև ՍՈւ-30 կործանիչների գնումն ու Երևան - Հռոմ 40 եվրոյանոց ավիատոմսը։ Եվ այս ամենը սահմանային անցակետերում դրվող դրոշմակնիքների տեսքով։

Միքայել Նահապետյան. - «Սահմանադրական դատարանի բուն խնդրին բովանդակային արձագանքը շատ ավելի փոքր է։ Փոխանակ իրենք խորամուխ լինեին Սահմանադրական դատարանին առնչվող խնդիրները, հարցերը շատ ավելի մանրամասն պարզաբանելու մտահոգությունները փարատելու մեջ, իրենք ընտրել են PR տեխնոլոգիաների, իրենց լավ կողմից ներկայացնելու [ուղին]։ Այսինքն հարցը տանում են անձնական վստահության՝ այ, տեսեք, մենք էսքան լավ բան ենք արել, հո մենք վատ բան անող չե՞նք, հավատացեք մեզ, առանց հարցեր տալու, առանց բանի, էկեք «այո» քվեարկեք, լավ կլինի, ժողովուրդ ջան։ Ես դրան լավ չեմ վերաբերում, բայց իրենց իրավունք ա, քարոզչություն էդպիսի տարածք ա, որտեղ իրանք պետք ա փորձեն իրանց դրական կողմերից ներկայացնեն»։

Արդյոք մտավախություն ունեն, որ անհրաժեշտ թվով մարդիկ չեն մասնակցի հանրաքվեին, եթե շեշտը կատարած աշխատանքի վրա են դրել։ Հրայր Թովմասյանի ու Սահմանադրական դատարանի 6 անդամների պաշտոնավարումը կդադարեցվի, եթե կողմ լինի մոտ 650 հազար մարդ։

Այս օրերին հանրաքվեի չմասնակցող որոշ ուժեր հենց բոյկոտի կոչով են հանդես գալիս։ «Այո»-ի քարոզչական կողմից պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վստահ է, որ անհրաժեշտ թվով քվե կստանան, բայց նաև չի թաքցնում, որ ընտրողներին շահագրգռելու նպատակ ունեցել են. - «Ես վստահ եմ, որ քաղաքացին գնալու է ընտրատեղամաս, դա իր համար խնդիր չէ, այսպես ասած, այն չէ, ինչ փորձում են ներկայացնել։ Ուղղակի դրա շեշտադրումներով մենք ոչ թե ուզում ենք շահագրգռել... այսինքն, մի կողմից, իհարկե շահագրգռում ենք. բայց շահագրգռվածության իմաստը այն է, որ այդ օղակը շարունակվի, այդ շղթան բարեփոխումների շարունակական լինի։ Եթե Սահմանադրական դատարանը շատ կարևոր, կենսական օրենքներին հակադրություն է ներկայացնելու, ապա այս քվեով կանխվում է նաև դա։ Ինչո՞ւ քաղաքացին պետք է հեղափոխությանը «այո» ասի։ Ինքը արդեն ասել է 2018 թվականին փողոց դուրս գալով, այժմ սա շարունակականությունն է դատական համակարգի առումով»։

Պատգամավորն էլ, տեսնելով բուկլետի առաջին էջը, նույն զգացողությունն է ունեցել, թե այն ՀՀ քաղաքացու անձնագրին է նման։ «Ազատության» դիտարկմանը, որ վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը «Այո»-ի լոգոյի սագան է, և հարցին, որ եթե մեկն էլ հայտնվի, մի մարդ, որը Հայաստանի Հանրապետության անձնագրի հեղինակային իրավունքը գրանցել է կամ հենց հեղինակն է, արդյո՞ք խնդիր չի առաջանա, Հայրապետյանն արձագանքեց. - «Ես կարծում եմ, նման խնդիր իրականում չկա։ Մենք բոլորս էլ էդ անձնագրից ենք օգտվում; Ինչ վերաբերվում է «այո»-ի հետ կապված քննարկումներին, ես ուրախ եմ, որ դա հանգուցալուծվեց։ Բնականաբար խնդրահարույց է, բայց նաև ուրախ եմ, որ խոսվեց հեղինակային իրավունքի կարևորության և արժեքի մասին, քանի որ դա իսկապես խնդիր է մեր օրերում։ Բայց այս պարագայում, վստահեցնում եմ, նման հարց չկա»։

XS
SM
MD
LG