Մատչելիության հղումներ

Սարյանի տուն-թանգարանում վաղվանից կցուցադրվի Վարպետի վերականգնված գլուխգործոցը՝ «Կոստանդնուպոլսի շները» կտավը


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյան

Ճիշտ 140 տարի առաջ ձմռան վերջին օրը Նոր Նախիջևանում ծնվեց մեր ժողովրդի մեծագույն գեղանկարիչներից Մարտիրոս Սարյանը։

1880 թվականը նահանջ տարի էր ու ձմռան վերջին օրը փետրվարի 29-նն էր, և այդ էր պատճառը, որ հետագայում Վարպետը կատակով նկատում էր, որ իր ծննդյան օրը կարելի է 4 տարին մեկ նշել։

Վաղը՝ փետրվարի 29-ին, նրա արվեստի երկրպագուները, նկարիչներ ու արվեստաբաններ կհավաքվեն նրա տուն-թանգարանում ոչ միայն նշելու, այլև մասնակցելու նրա ամենահետաքրքիր աշխատանքներից մեկի ցուցադրությանը։

Իսկ այսօր նրա ընտանիքի անդամներն ու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի աշխատակիցները նախ Սարյանի պուրակում ծաղիկներ դրեցին նրա հանրահայտ արձանի մոտ, հետո էլ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ գտնվում է մեծ գեղանկարչի շիրիմը։

Նրա թոռնուհին՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. -«Մեզ համար են այդ տարիները, ինքը վաղուց արդեն հավերժի ճամփորդն է... այնքան լույս է մեզ պարգևել, այնքան դրական լիցքեր է հաղորդել, որ դա մեզ օգնում է ապրել և բոլոր դժվարությունները հաղթահարել»։

Անդրադառնալով թանգարանին՝ Ռուզան Սարյանն ասաց. - «Բավական մեծ ծրագրեր ունենք։ Վաղը պետք է վերականգնումից հետո ներկայանա Սարյանի գլուխգործոցը՝ «Կոստանդնուպոլսի շները», որոնք դեռևս իր կենդանության օրոք բավական վնասված էին։ Հետո պետք է լինի «Ալմաստ» օպերայի էսքիզները. փաստորեն կապվում են մեր երեք հանճարները, դա կիզակետն է, որտեղ Թումանյան, Սպենդիարյան, Սարյան հանդիպել և այդ ազգային հրաժալի օպերան ստեղծել են։ Սարյանական էսքիզների ցուցահանդեսը կլինի մարտի վերջին։ Հետո կունենանք Հաղթանակի 75-ամյակը, որդին՝ Ղազարոս Սարյանը, որի հարյուրամյակն է լրանում այս տարի ցուցահանդես կլինի՝ «Հայր և որդի Սարյանները», այդ ծանր տարիներին նրանց ներդրումը, նրանց պայքարը, մեկը վրձնով, մեկը գնդացիրով»։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ավիկ Իսահակյանն ասաց. «Այսօր երկակի հոբելյանական օր է, որովհետև երկար սպասումից հետո Մեծ վարպետի ծննդյան 140-ամյակի օրը Ավետիք Իսահակյանի գրադարանում լինելու շնորհանդեսը երկար սպասված գրքի՝ «Մարտիրոս Սարյանը ժամանակակիցների հուշերում»։ Ի մի է բերվում երկու, երեք սերունդ հայ գրողների, նկարիչների, մշակութաբանների, արվեստագետների հուշերը, իրենց հանդիպումները Մեծ վարպետի հետ, և մեր առաջ խոյանում է մի նոր կերպար՝ մեծագույն հայրենասեր, մեծ մարդ, հումանիստ, հայ, որի կյանքը ինչպես որ կապված է ստեղծագործության հետ, հավասարապես կապված է իր ժողովրդի ճակատագրի հետ»։

1986 թվականից է Սարյանի պուրակում կանգնած նրա հրաշալի քանդակը, որի հեղինակը՝ քանդակագործ Լևոն Թոքմաջյանը մեր զրույցի ընթացքում այսօր շատ ուշագրավ դիտարկում արեց. - «34 տարի անցավ այն օրվանից, երբ մենք հանդիսավորությամբ, Կարեն Դեմիրճյանի ներկայությամբ այս արձանը բացեցինք։ Ես, որպես հեղինակ, ամեն անգամ, երբ գալիս նայում եմ, մտածում եմ, թե երևի երեկ եմ կանգնեցրել։ Անգամ թվում է, որ Սարյանը նորից արարում է։ Եվ ես հպարտ եմ, որ Սարյանի քանդակը դարձավ իմ ստեղծագործական կյանքի ամենակարևոր էջերից մեկը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG