Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի 2016-2019 թվականներն ընկած ժամանակահատվածի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ:
ՊՎԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրության առարկա են դարձել հիմնադրամի 705 մլն դրամի գնման գործընթացներ: Խախտումներ են արձանագրվել 315 մլն դրամ ծավալով գնումների գործընթացներում: Երկու գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից ներկայացվել են առերևույթ կեղծ, գործընթացում հաղթող ճանաչվելու իրավունք վերապահող փաստաթղթեր, որի արդյունքում ընկերությունների հետ կնքվել է 127 մլն դրամի պայմանագրեր, մեկ ընկերության կողմից մատուցված ծառայության ծավալների և վերջինիս աշխատանքային ռեսուրսների միջև արձանագրվել է խիստ քանակական անհամապատասխանություն, ինչպես նաև առկա են հիմնավոր կասկածներ փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, սակայն չգրանցված աշխատողներով ծառայություն մատուցելու վերաբերյալ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարվել շուրջ 14 մլն դրամ եկամտային հարկ:
Բացի այդ, ըստ հաղորդագրության՝ ծառայություն մատուցող ընկերության կողմից մատուցվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ծառայություն, սակայն հիմնադրամի կողմից չի գանձվել պայմանգրով սահմանված 3 մլն դրամի տուգանք, հիմնադրամին մատակարարված հեռուստացույցների մի մասը չի համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրին, սակայն ընդունվել է հիմնադրամի կողմից:
Ընկերության կողմից իրականացվել է նաև 47 մլն դրամի հմնադրամի կանոնադրական նպատակներին չհամապատասխանող ծախս: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով: