Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքարի երկու օրենսդրական փաթեթները հաջորդ շաբաթ կքննարկվեն ԱԺ լիագումար նիստում


Կոռուպցիայի դեմ պայքարի երկու օրենսդրական փաթեթները, որ ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, այսօր Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացան և կքննարկվեն հաջորդ շաբաթ լիագումար նիստի ընթացքում։ Օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթներից մեկը՝ դատաիրավական ոլորտում կոռուպցիան վերացնելուն է վերաբերում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց. «Սա Դատական օրենսգիրք է, որով լուծվում է հետևյալ խնդիրը՝ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ, միաժամանակ չմիջամտելով դատական իշխանության անկախությանը»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագծի վերաբերյալ վերապահումներ ունի, նրա խոսքով՝ Բարձրագույն դատական խորհրդին չափազանց մեծ լիազորություններ են տրվում, միևնույն ժամանակ չեն ստեղծվում դատավորների անկախությունը երաշխավորող հիմքեր:

«Հարցը նրա մեջ է, որ մենք մի պատուհանով չպետք է խնդիրը լուծենք, մենք ամբողջ շենքի հետ կապված խնդիր ունենք, մենք արմատական, համակարգային լուծում ենք ուզում, իսկ էդ համակարգային լուծումն առաջին հերթին անկախ դատավորի ինստիտուտի ամրագրումն է, որն այստեղ չկա, որովհետև անկախ դատավոր չենք ստեղծում, կախյալ դատավոր ենք ստեղծում՝ Բարձրագույն դատական խորհրդից։ Դա օգտակար չի լինելու, հաստատ չի լինելու», - նշեց Սիմոնյանը։

Արդարադատության նախարարն արձագանքեց. «Ընդդիմադիր խմբակցությունը, բնականաբար, պետք է հանդես գա ընդդիմադիր դիրքերից, բայց պետք է ուշադիր լինեն, որ իրենց մի ասածը մյուս ասածին չհակասի։ Եթե իրենք ավելի խորքային բարեփոխումների կողմնակից են, ապա իրենց պատկերացմամբ ավելի մեղմ դրույթը քննադատել էն պատճառով, որ ինքը շատ խիստ է և շատ խրոխտ ինչ-որ փոփոխություն է, այստեղ հակասության մեջ է մտնում»։

Նախագծի հետ կապված վերապահումներ ունի նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նա կարծում է՝ այս նախագծով չի տրվում դատական համակարգում առկա հիմնական խնդրի լուծումը: Սակայն ի տարբերություն Տարոն Սիմոնյանի, որը կողմ է նախ անկախ դատավորի ինստիտուտը կայացնելուն, ապա մյուս խնդիրներին անցնելուն, Նիկոլայ Բաղդասարյանը վստահ է՝ նախ պետք էր համակարգը մաքրել, ապա անցնել մյուս հարցերին:

«Եթե մենք գիտակցում եք, որ նախկինում եղել են դեպքեր, որտեղ քաղաքական իշխանությունը պայմանավորված քաղաքական դրդապատճառներից նշանակել է X կամ Y դատավորներին, այդ դատավորներին այս օրենքը բերում է համաներման իրավիճակի, այսինքն ասում է՝ «ոչինչ, որ դուք այդ ճանապարհով եք ընդունվել, այ էս պահից սկսած մենք ստուգում ենք ձեր բարեվարքությունը», այդ մոտեցումն անձամբ ինձ համար ընդունելի չի», - ասաց Բաղդասարյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ է առաջարկել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես առաջարկեցի, որ պետք է էլի մենք վերադառնանք անցումային արդարադատության գործիքակազմին, այսինքն՝ ավելի խիստ գործիքակազմ սահմանենք»։

Արդարադատության նախարարը, սակայն, կարծում է՝ բերված նախագիծն արդեն իսկ լուծում է առաջարկում առկա խնդիրներին. «Հավաստիացնում եմ՝ եթե այն ինստիտուտները, որոնք կոչված են ազդելու կոռուպցիայի դեմ պայքարում դատական համակարգում, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, գործեն Դատական օրենսգրքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդյունավետ գործի, մենք դատական համակարգում կունենանք շեշտակի փոփոխություններ, որը արմատական, խորքային բարեփոխում է մեր համակարգի համար»։

Իսկ արդարադատության հետ կապված առանձին աղմկոտ դրվագներին կանդրադառնան այլ նախագծով և փաստահավաք խմբերով:

«Փաստահավաք խմբի շրջանակներում փաստեր վեր կհանվեն բոլոր զանգվածային մարդու իրավունքների խախտման դեպքերով։ Դա առանձին նախագիծ է, այդ առանձին նախագիծը շուտով հանրային կդառնա», - ասաց Բադասյանը։

Պետաիրավական հանձնաժողովում քննարկումների տեղիք տվեց դատավորների թեկնածուների համար սահմանվող տարիքային շեմը 28-ից 25 տարեկան իջեցնելու կետը, որը նախօրեին խորհրդարանական լսումների ժամանակ էլ ակտիվ քննարկվեց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը կողմ է հակառակին՝ տարիքային շեմը բարձրացնելու գաղափարին:

«Ես կարծում եմ, որ դատավոր մարդ պետք է աշխատի հասուն տարիքում», - նշեց Պետրոսյանը։

Ռուստամ Բադասյանը հայտարարեց՝ այսպես կոչված փորձառու շատ դատավորներ դատական համակարգի նկատմամբ վստահությունը խարխլողներն են եղել, երիտասարդներից վախենալ պետք չէ:

«Ազնիվ և չկոռումպացված, հետո նոր կսկսենք խոսել պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների, փորձի, կենսափորձի, քան այսօր դատական համակարգում առերևույթ այդպես փորձառուի և պրոֆեսիոնալի համբավ ունեցող, բայց շատ ծանր հետևանքներ մեր հանրապետության համար բերած որոշ դատավորների», - ասաց արդարադատության նախարարը։

Հակակոռուպցիոն մյուս նախագիծը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագիծն է, որով առաջարկվում է բռնագանձել 25 միլիոն դրամից բարձր արժեք ունեցող այն գույքը, որի ծագումը այդ գույքի տերերը չեն կարողանա հիմնավորել: Խոշորացույցի տակ են լինելու նախկին ու ներկա պաշտոնյաներն, ինչպես նաև տարբեր քրեական գործերով անցնողները: Գույքի բռնագանձման հարցը քննվելու է առանձին քաղաքացիական հայցով, անգամ եթե քրեական գործն օրինակ կարճվել է, կամ քրեական հանցագործությունը հնարավոր չի եղել ապացուցել դատարանում և մեղադրական դատավճիռ քրեական գործով չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG