Մատչելիության հղումներ

ՀԿ-ները անհանգստացած են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, 27-ը փետրվարի, 2020թ.

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հրավիրել էին հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին՝ փակ ձևաչափով քննարկելու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպությունների ծրագրային հաշվետվությունների հրապարակայնությանը:

Օրենքը առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում, մինչ այդ բազմաթիվ ՀԿ ներկայացուցիչներ պահանջում են հետ կանգնել այս նախաձեռնությունից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Հաշվետվության պահանջն ամբողջությամբ միավորումների ազատության իրավունքի խախտում է։ Նման նախագիծ հենց այս օրերին քննարկում են Ղրղըզստանում։ Նման տիպի նախագծերից է սկսվել պրոցեսը Ռուսաստանի Դաշնությունում, Ադրբեջանում, Բելառուսում»։

Այս նախագիծը տարիներ առաջ է շրջանառության մեջ դրվել, ժամանակ առ ժամանակ որոշ փոփոխությունների ենթարկվելով օրակարգ է բերվել ու բախվելով հանրային դիմադրության՝ չի ընդունվել, ասում է իրավապաշտպանը, ում համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հեղափոխությունից հետո նորից հիշել այս նախագծի մասին: Ըստ Սաքունցի, այն նույն տեղեկությունը, որն իրենցից պահանջում են օրենքի նախագծով, այսպես թե այնպես իրենք տրամադրում են, և այսպիսով պետությունը իրենց վրա պարզապես լրացուցիչ բյուրոկրատական բեռ է դնում և հետագայում էլ դա կարող է որպես լծակ օգտագործել իրենց դեմ։

«Այդ տվյալները, որոնք իրենք ունեն՝ ֆինանսական, աշխատողների թիվ, տարածք և այլն, եթե դրանց վերաբերյալ քեզանից հաշվետվություն են պահանջում, էն, որ իրենք ունեն, դուրս է գալիս, որ իրենք ալարում են էդ ամեն ինչը վերլուծեն, չգիտեմ ինչ անեն, մեզանից մի հատ էլ հաշվետվություն են պահանջում, ինչի՞ համար, ու դրա դիմաց էլ պատասխանատվության ենթարկելու ինստիտուտ կիրառեն, ինչի՞ համար՝ միջամտելու համար, վաղը չէ մյուս օրը օգտագործելու համար», - նշեց իրավապաշտպանը։

Ըստ նախագծի, հաշվետվությունները թերի լրացնելու կամ սահմանված ժամկետում չհրապարակելու համար ՀԿ-ները նախազգուշացում են ստանում, որից հետո տուգանվում են 50 հազար, ապա 200 հազար դրամի չափով: Յուրաքանչյուր փուլից հետո մեկ ամիս ժամանակ է տրվում, որից հետո լիազոր մարմինը կարող է դիմել դատարան կազմակերպությանը լուծարելու պահանջով:

ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը ասում է՝ այս նախագծում չկա այն մեխանիզմը, որը հնարավորություն կտա պետությանը ճնշել քաղհասարակությանը։

«Հաշվետվություններն իրենց մեջ չեն ներառում ֆինանսական տեղեկություններ, դրանք տեղեկատվական բնույթի հաշվետվություններ են, եթե հանրային միջոցներից ֆինանսավորում չկա։ Հանրային միջոցներից ֆինանսավորման դեպքում, այո, կան ֆինանսական տեղեկություններ ու դրանք պարտադիր պայման են, որ հանրությունը իմանա, թե այն գումարները, որոնք որ տրամադրվում են հասարակական կազմակերպություններին, ինչ ուղղություններով են ծախսվում և նպատակը որն է», - ասաց Ղազարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է՝ իրենք բաց են քննարկման համար, բայց մի բան իրենց համար միանշանակ է՝ Հայաստանում չպետք է լինեն ՀԿ-ներ, որոնց գործունեությունը փակ կլինի ՀՀ քաղաքացիների համար:

«ՊԵԿ-ը գիտի՝ կա կանոնադրություն հասարակական կազմակերպության, մեծ հաշվով գիտի՝ հասարակական կազմակերպությունն ինչով է զբաղվում, բայց չկա հաշվետվություն, որպեսզի հասկանա, թե արդյո՞ք էդ կանոնադրությանը համապատասխան գործունեություն ծավալել է այդ ՀԿ-ն, որովհետև կարող է ընդհանրապես կանոնադրության հետ կապ չունեցող գործունեություն է ծավալում, և մեզ պետք է հասկանալ և՛ հասարակությունը, և՛ պետությանը։ Այս դեպքում պետք է հասկանալ՝ այդ հասարակական կազմակերպությունը ստեղծվեց, գրեց կանոնադրություն, մեկ տարի հետո ի՞նչ արեց այդ կանոնադրությանը համապատասխան, արե՞ց, թե՞ չարեց և ի՞նչ փողերով արեց։ Այս պահին հաշվետվություն են ներկայացնում միայն հանրային միջոցներով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, բայց կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մասնավոր միջոցներ ունեն, ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում, բազմատեսակ գործունեություն են ծավալում այդ թվում նաև լրատվական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները», - ասաց Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG