Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ճակատը հիմնադրամ է ստեղծում՝ քարոզչական ծախսերի նպատակով


«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյան, արխիվ
«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյան, արխիվ

Մինչ «Այո»-ի ճակատում ամփոփում են քարոզչական ծախսերի համար անցկացրած դրամահավաքի արդյունքները, գծագրում քարոզչության ճանապարհային քարտեզը, «Ոչ»-ում դեռ անելիքների քննարկման փուլում են։

«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հիմնադրամ բացելու դիմում են ներկայացրել Կենտրոնական բանկ։ Կարող են գումար փոխանցել այն ուժերը, որոնք կցանկանան օգտվել «Ոչ»-ի քարոզչական հարթակներից. - «Դրանք են, օրինակ, հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին վահանակները, վճարովի եթերաժամը Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով և այլն։ Նրանց մենք հնարավորություն ենք տալիս հայտ ներկայացնել մեզ և դրա շրջանակներում, օրինակ, իրականացնել այդ մտադրությունը»։

Մելիքյանը հավելեց, որ «Ոչ»-ի քարոզչական վահանակներից օգտվելու ցանկություն արդեն հայտնել է մի քաղաքական ուժ. - «Եվ արդեն մենք ունենք նախնական պայմանավորվածություն հինգ վահանակի տեղադրման հետ կապված։ Կարծում եմ, կլինեն նաև այլ պայմանավորվածություններ, և այլ քաղաքական ուժեր ևս կօգտվեն մեր առաջարկած հարթակից»։

Նա նշեց, որ առայժմ իրենց նման հայտ ներկայացրել է միայն «Ազգային օրակարգ» կուսակցությունը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին։ Նախագահն է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հնդկաստանում և Նեպալում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Արա Հակոբյանը։ Այս կուսակցությունը դեմ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով հանրաքվեին և օրեր առաջ կոչ էր արել քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։

Ռուբեն Մելիքյանը չբացառեց, որ բացի քաղաքական ուժերից, նաև անհատներ ցանկություն հայտնեն գումար փոխանցել իրենց հիմնադրամին և «Ոչ»-ի օգտին քարոզչություն իրականացնել. - «Կարևորը այստեղ բովանդակությունն է, եթե այն համապատասխանի մեր չափանիշներին, մենք այդ հարթակի հնարավորությունը կտրամադրենք»։

Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հիմնադրամի հաշվեհամարին մուտքագրված գումարի չափի մասին տեղեկությունը հայտնի կլինի մի քանի օր անց։ Ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:

«Ոչ»-ի ճակատում ավելի շատ կենտրոնացած են տեղամասային հանձնաժողովներում «ոչ»-ական անդամներ հավաքագրելու հարցի վրա։ Ճակատի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գոհար Մելոյանը, «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն բազմաթիվ դիմումներ են ստացել։ Հարցին, թե արդյոք կկարողանան 2008 տեղամասում ունենալ 4016 անդամ, Մելոյանն արձագանքեց, որ միայն արդյունքներն ամփոփելուց հետո կկարողանա պատասխանել, իսկ դրանք, ըստ նրա, կամփոփվեն այս շաբաթ։

Տեղամասային ընտրական 7-հոգանոց հանձնաժողովում ինչպես «Այո»-ի, այնպես էլ՝ «Ոչ»-ի կողմը 2-ական անդամ նշանակելու իրավունք ունի։ Յուրաքանչյուր կողմից՝ 4016 անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG