Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հարձակվող Արտյոմ Բիսյադինը մեկ տարի չի մասնակցի խաղերին հակադոպինգային կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբը:
23-ամյա Բիսյադինի դոպինգային թեստը դրական արդյունք էր տվել Եվրոպայի լիգայի առաջնությունում Շվեդիայի «Մալմյո» ակումբի հետ խաղից հետո: Դեկտեմբերի 19-ից նրա մասնակցությունը խաղերին ժամանակավորապես սառեցվել էր, իսկ հիմա ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինը որոշել է մեկ տարի ժամկետով որակազրկել նրան: Բիսյադինը կարող է միանալ թիմի պարապմունքներին հոկտեմբերին՝ որակազրկման ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ:
Ֆուտբոլիստը 21 օր ժամանակ ունի ՈւԵՖԱ-ի որոշումը Լոզանի արբիտրաժային դատարանում բողոքարկելու համար: Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբն ասել է, որ այդ հարցով որոշում դեռ չի ընդունվել: