Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանից դուրս մոտենում է 2,5 հազարին, մահացել է 34 մարդ


Հարավային Կորեա - Մայրաքաղաք Սեուլում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, 24-ը փետրվարի, 2020թ.

Ավելի քան 30 երկրներ հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքերի մասին։

Ամենաշատ դեպքերն արձանագրված են Չինաստանում, որտեղ էլ դեկտեմբերին բռնկվել է վարակը, հաջորդիվ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Իտալիան և Իրանն են։

Կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտարարել են Իրաքը, Աֆղանստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, ընդգծելով, որ բոլոր վարակվածներն Իրանից ժամանած անձինք են։

Նոր դեպքեր են գրանցվել նաև Ալժիրում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում։

Միայն Իտալիայում 24 ժամվա ընթացքում մահացել է 11 մարդ, վարակը երկրում հաստատված է արդեն 322 մարդու մոտ։

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանի առողջապահության նախարարի տեղակալն է վարակվել կորոնավիրուսով։ Իրանում պաշտոնական տվյալներով մահվան դեպքերի թիվը հասել է 16-ի, բայց երկրից դուրս գործող լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 68 մարդ է մահացել կորոնավիրուսից։

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այս լուրով, քանի որ իրանական ռեժիմը կարող է թաքցնել կենսական կարևորության տվյալները», - այդ առնչությամբ երեկ Վաշինգտոնում հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 390-ով և հասել 2 հազար 459-ի, մահվան դեպքերի թիվն աճել է 11-ով՝ հասնելով 34-ի։

Իսկ Չինաստանում, երկրի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 78 հազար 64-ի, մահացել է 2 հազար 715 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 29 հազար 745 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG