Մատչելիության հղումներ

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 2 հազարը. ԱՀԿ-ն զգուշացնում է պանդեմիայի վտանգի մասին


Չինաստան - Պեկինի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, փետրվար, 2020թ.

Չինաստանում Հուբեյ նահանգից դուրս կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել՝ վերջին մեկ օրում արձանագրվել է 9 նոր դեպք, Հուբեյում՝ 499-ը։

Երկրի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, արդեն 13-րդ օրն է՝ հիվանդությունից բուժվածների օրական թիվը գերազանցում է 1000-ը։

Փետրվարի 24-ի ժամը 24-ի դրությամբ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի վարակը Չինաստանում հաստատված է 77 հազար 658 մարդու մոտ, մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 71-ով, որոնցից 68-ը՝ Հուբեյում, և հասել է 2 հազար 663-ի, ծանր վիճակում են 9 հազար 126 հիվանդներ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 27 հազար 232-ը։

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 300-ով և հասել 2 հազար 69-ի՝ 29 երկրներում, մահացածների ընդհանուր թիվը 23 է՝ վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ։

Իտալիայում կորոնավիրուսի զոհ է դարձել արդեն 7 մարդ, վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Լոմբարդիայում, որտեղ մոտ 50 հազար մարդ կարանտինի մեջ է:

Իրանում համաճարակի կենտրոն է դարձել Ղոմ քաղաքը: Իշխանությունները խոսում են 12 մահացածների մասին, բայց նրանց արդեն մեղադրում են խնդրի իրական չափերը և լրջությունը թաքցնելու մեջ:

Կորոնավիրուսով վարակվածների քանակով աշխարհում երկրորդը Հարավային Կորեան է՝ այսօրվա դրությամբ 893 մարդ:

Վարակից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ կանգնած և կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավի ուղևորների շրջանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը կարող է վերածվել պանդեմիայի, քանի որ այն արագ տարածվում է աշխարհի տարբեր շրջաններում:

Վիրուսի տարածման հետ կապված նավթի գնի նվազում է արձանագրվում:

XS
SM
MD
LG