Մատչելիության հղումներ

Չարաշահումներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հենաշարժողական խնդիրներ ունեցող շահառուներին աջակցող միջոցների տրամադրման գործընթացում չարաշահումների դեպքերով Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրությունները կատարվել են Լոռի մարզի դատախազությունում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից Գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա։

Որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և պատվիրատուի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա երկու կազմակերպություններ պարտավորվել են պետական հավաստագրերի հիման վրա Կառավարության որոշմամբ սահմանված կարգով շահառու անձանց տրամադրել պատշաճ որակի աջակցող միջոցներ, դրանք շահառուին տրամադրել վերջինիս կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց, տրամադրելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, սովորեցնել դրանք օգտագործելու ձևը՝ միաժամանակ ստանձնելով նաև պայմանագրով նախատեսված պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու պարտավորություն։

Մինչդեռ, ըստ Դատախազության, պարզվել է, որ այդ կազմակերպություններից մեկի իրավասու անձինք, «ի սկզբանե խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու շահադիտական դրդումներով, մեկ միասնական դիտավորությամբ», 2019 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին երեք շահառուների չեն հանձնել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, պետական հավաստագրերի գնին համարժեք վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ, սակայն կազմել, հաստատել և պատվիրատուին ներկայացրել են ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ ստացականներ, հաշվետվություններ, հանձնման-ընդունման ակտեր, հաշիվ-ապրանքագրեր։

Մյուս կազմակերպության իրավասու անձինք, ըստ հաղորդագրության, ձեռք են բերել անորակ և շահագործման համար ոչ պիտանի աջակցող միջոցներ, որոնք 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում տրամադրված պետական հավաստագրերի հիման վրա հատկացրել են 6 շահառուների: «Այնուհետև շահառուներից, ինչպես նաև պատվիրատուից թաքցնելով աջակցող միջոցների անորակ կամ շահագործման համար ոչ պիտանի լինելու փաստը՝ կազմել, հաստատել և պատվիրատուին են ներկայացրել հիշյալ շահառուներին պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին համապատասխանելու վերաբերյալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցման համար հիմք հանդիսացող, բովանդակությամբ կեղծ ստացականներ, հանձնման-ընդունման ակտեր, և այլ փաստաթղթեր», - ասված է հաղորդագրությունում։

Նկատի առնելով, որ ուսումնասիրություների արդյունքում ի հայտ են եկել պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, ինչպես նաևփաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ, երկու քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG