Մատչելիության հղումներ

«Մյունխենյան սկզբունքներ»-ում արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է մեր ձևավորած դիրքորոշումը, շեշտում է Մնացականյանը


Հայաստան-Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Երևան, 24 փետրվարի, 2020թ.

«Մյունխենյան սկզբունքներ»-ում արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթներում, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մյունխենյան սկզբունքներ»-ը վարչապետի կողմից արտահայտված ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են սկզբունքորեն այն մոտեցումը, որովհետև «Մյունխենյան սկզբունքներ»-ի մեջ չի արտահայտված որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր ձևավորված դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները:

Մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք, ինչպես վարչապետ Փաշինյանն արտահայտեց նաև «Մյունխենյան այդ արտահայտված սկզբունքներ»-ում, բայց վստահաբար բոլոր նրանք, որ կանոնավոր հետևում են այս գործընթացին, առաջին անգամ չէին լսել, որ լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի համար, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է ճանապարհ, որն ունի 2 ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել, և որ այդ առումով մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը: Խնդրում եմ չխառնել և չենթադրել, որ մեկը մյուսից տարանջատված է», - մանրամասնեց արտգործնախարարը:

Ստեփանակերտում անցկացված Անվտանգության խորհրդի համատեղ նիտից հետո երեկ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ էին բացել Հայաստանի ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, իսկ ադրբեջանական կողմի կրակը դադարել է միայն հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո: Պաշտոնական Բաքուն էլ իր հերթին հաղորդում է, որ հայկական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել է մեկ սահմանապահ։

Տեղի ունեցածը Մնացականյանը համարում է մտահոգիչ․ - «Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական պրոգրես ունենալ բանակցային գործընթացում: Մենք ունենք կարևոր ձեռքբերում 19 թվականի ընթացքում էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը, իհարկե, երբ ասում եմ նվազ, ինձ համար մի քիչ դժվար է դա ասել, որովհետև դեռևս եղել են զոհեր, և յուրաքանչյուր մեկ զոհն ավելի քան շատ է»:

Փաշինյան-Ալիև բաց ֆորմատով վերջին աննախադեպ քննարկումը քննադատության առիթ տվեց, այդ թվում՝ այն շեշտադրմամբ, որ ղարաբաղյան հարցի համար դա ընդունելի ֆորմատ չէր: Ո՞վ էր ընտրված ձևաչափի հեղինակը, ինչո՞ւ հայկական կողմը համաձայնեց դրան, և ինքը նախարարն ինչպե՞ս է գնահատում արդյունքները, հետաքրքրվեցինք արտաքին գերատեսչության ղեկավարից: Ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց. - «Ղեկավարներն են գնահատել՝ արդյոք իրենք ինչպես կուզեն ներգրավվել այս ձևաչափի մեջ: Երևույթն ինքը, կարծում եմ, շատ դրական է, երևույթը դրական է, որ մենք կարող ենք միասին նստել և բաց զրույցի մեջ ղեկավարների մակարդակով քննարկել հարցեր: Այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որը վերաբերում է միգուցե մեր համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ ադրբեջանական տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք պրոպագանդիստական ծայրահեղ մակարդակի են հասցված, մեր հասարակության մեջ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք շատ ավելի բաց քննարկում»:

XS
SM
MD
LG