Մատչելիության հղումներ

Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների հիշատակի ոգեկոչման արարողություններ` Ֆրանսիայում


Ֆրանսիա-Միսաք Մանուշյանի և նրա ընկերների հիշատակի ոգեկոչման արարողություն Մարսելում, 20 փետրվարի, 2020թ.

Ամեն տարի փետրվար ամսվա այս նույն օրերին Ֆրանսիայի հայ համայնքի միությունները բոլոր հայաշատ քաղաքներում կազմակերպում են Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների հիշատակի ոգեկոչման արարողություններ:

Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրական շարժման հերոս էր, 23 հոգուց բաղկացած խմբի ղեկավար: Խմբի անդամները նրա հետ միասին ընկան գերմանական նացիստների փամփուշտների տակ 1944 թվականի փետրվարի 21-ին: Մանուշյանի խմբի անդամները օտարազգիներ էին այնպես, ինչպես Ցեղասպանությունից հրաշքով փրկված Մանուշյանը, հայեր, լեհեր, հրեաներ: Վերջին 9 տարիներին հայկական նախաձեռնության խմբի անդամների հիշատակը Փարիզում ոգեկոչվում է Ֆրանսիայի հրեական համայնքի հետ միասին:

Փարիզի սինագոգերից մեկում փետրվարի 20-ին տեղի ունեցավ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների հիշատակը ոգեկոչող արարողությունը: Հրեական համայնքի հոգևոր բարձրաստիճան պատասխանատուներն այդ օրն ընդունեցին հայկական համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանի դեսպան Հասմիկ Դոլմաջյանին և Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին: Իրադարձության գլխավոր կազմակերպիչ, Հայ նախկին ռազմիկների և դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանի ելույթով սկսվեց այդ արարողությունը: Վերջինս ելույթով մերձեցրեց Հայոց ցեղասպանությունը և դիմադրականների պայքարը. Երկրորդ աշխարհամարտի ժամանակ թշնամին նույնն էր` նացիզմը և անհանդուրժողականությունը, որի դեմ Մանուշյանն իր խմբի հետ պայքարել է անձնվիրաբար:

Սինագոգում արարողությունը շարունակվեց հրեական և հայկական աղոթքների երգեցողությամբ, ինչը որ առանձնահատուկ հանդիսավորություն տվեց արարողությանը:

Երեկ հիշատակաի ոգոկոչում տեղի ունեցավ նաև Մարսել քաղաքում` կազմակերպված Ֆրանսիայի հայկական երիտասարդական և մշակութային միությունների կողմից: Այն կատարվել է Մարսելի Միսաք Մանուշյան պարտեզում, որ 2010-ից ի վեր կանգնած է նրա կիսանդրին:

Նույնանման արարողություններ տեղական իշխանությունների պատասխանատուների ներկայությամբ տեղի են ունեցել նաև Վալանս քաղաքում, որի հրապարակներից մեկում բացվել է Մանուշյանին և նրա ընկերներին նվիրված հուշարձան` իրագործված վարպետ-քանդակագործ Թորոսի կողմից: Այս վերջին արարողությունների ընթացքում ցանկություն է արտահայտվել, որ Միսաք Մանուշյանի և նրա ընկերների հիշատակը մեծարվի ավելի լայն` համազգային մակարդակով, այդ իսկ պատճառով առաջարկվել է նրանց աճյունները տեղափոխել պանթեոն, ուր թաղված են Ֆրանսիային մեծ ծառայություն մատուցած մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG