Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում նախատեսվող բարեփոխումների հետևանքով կադրային ջարդ չի իրականացվի


Ոստիկանական համակարգում նախատեսվող լուրջ բարեփոխումների հետևանքով ոլորտում կադրային ջարդ չի իրականացվի, վստահեցնում է փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

«Բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն բոլոր ներկայացվող պահանջներին, նրանք կմնան և կաշխատեն՝ անկախ նրանց ով լինելուց։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր դուրս կմնան, նրանք կտեղավորվեն ոստիկանության տարբեր այլ ծառայություններում և կշարունակեն իրենց ծառայությունը», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Եսայանը։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է Ներքին գործերի նախարարություն ստեղծել, որը պատասխանատու կլինի նաև ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման համար։ «Լուսավոր Հայաստանը» կողմ է կառավարության առաջարկած տարբերակին։ Դեռ անցած տարի գործադիրի կառուցվածքային փոփոխությունների նախագծի մեջ նաև իրենք էին Ներքին գործերի նախարարություն ստեղծելու առաջարկն արել։ Ընդդիմադիր խմբակցությունում, սակայն, միայն կառուցվածքային փոփոխությունը բավարար չեն համարում. կադրային լուրջ վերանայումների անհրաժեշտություն են տեսնում։

«Այն մարդիկ, ովքեր կոռումպացված են եղել, նախկին համակարգի տրամաբանությամբ են շարունակել, այս մարդիկ, իմ կարծիքով, չեն փոխելու իրենց տրամաբանությունն ու մոտեցումները, իհարկե, համակարգը փոխվել է, բայց մարդիկ նույնն են մնացել։ Կա հնարավորություն ինչ-որ մարդկանց փոխելու, նոր արժեհամակարգի սկզբունքներին ու տրամաբանությունը համապատասխան գործելու կոչ անելու, ինձ թվում է, դա կարելի է օգտագործել», - նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց. «Սա հնարավորություն կտա, որպեսզի նաև խորհրդարանը ավելի շատ կարողանա վերահսկի ոստիկանության գործունեությունը, որովհետև հիմա, եթե, օրինակ, պատգամավորները ունենում են հարցեր ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին սովորաբար պատասխանում է կա՛մ վարչապետը, կա՛մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված ոստիկանության բոլոր գործողություններին հասկանալի պատճառներով»։

Ոչ միայն խորհրդարանական, նաև այլ վերահսկողական գործիքների ուժեղացման անհրաժեշտություն է տեսնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Վերահսկողություն ոչ թե ճնշելու, այլ օգնելու, բացահայտելու ինդիրները, վերակրթելու, սոցիալական, հոգեբանական այդ ուղղումները կատարելու աշխատողների, որովհետև սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև պահանջելուց առաջ պետք է պատրաստի», - նշեց Սաքունցը։

Հանրային քննարկման դրված Արդարադատության նախարարության նախագծով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանության ու պարեկապահակային ծառայության փոխարեն ստեղծել նոր պարեկային ոստիկանություն։ Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմինը զբաղվելու է, մասնավորապես, հասարակական կարգի պահպանությամբ ու անվտանգության ապահովմամբ, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգությամբ։

Նախարարությունը նաև օպերատիվ կառավարման կենտրոն կունենա, որտեղ կընդունեն քաղաքացիների ահազանգերն ու դրանք կուղղորդեն ոստիկանության տարբեր ծառայություններ։

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ նախագծով ոչ միայն կառուցվածքային փոփոխություններն են ուշադրության կենտրոնում, այլև կադրերի պատրաստումը՝ նոր չափանիշներով։

«Այսինքն, թե որքանով է ոստիկանության զորքերի ծառայողը պատրաստված, զինված, նաև կարող բանակցելու, շփվելու, իրավիճակը սթրեսային կառավարելու, որքանով է պատրաստ տակտիկաների մեթոդները կիրառելու», - ընդգծեց փոխնախարարը։

Ոստիկանությունն անկախ Հայաստանում Ներքին գործերի նախարարության կազմում գործել է 1990-ականներին և 2000-ականների սկզբին, և 2003-ին վերակազմավորվել է որպես արդեն առանձին իրավապահ կառույց։

1990-1991 թվականներին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում եղած, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտություն է համարում նախարարության ստեղծումը։

«Սրա արդյունքում մենք պետք է ունենանք այնպիսի իրավական համակարգ, որի ծառայության թե՛ օրինականության, թե՛ նրա կատարած քայլերի հետ կապված թե՛ ոստիկանությունը, թե՛ հասարակությունը որևէ կասկած չունենա», - նշեց Քոչարյանը։։

Ներքին գործերի նախարարությունն, ըստ հանրային քննարկման դրված նախագծի, պետք է ձևավորվի մինչև 2023 թվականը։

XS
SM
MD
LG